Նոր մոտեցում՝ մարդու իրավունքների պաշտպանությանը (լրացված)


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Այսօր կայացավ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի աշխատանքներին բացի պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներից մասնակցում էին նաև մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Այս նոր կառույցի հիմնական նպատակներն են մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ պետական մեխանիզմների հաստատումը և դրանց իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, մարդու իրավունքների հարցերով զբաղվող պետական կառույցների և քաղաքացիական հասարակության օժանդակության ապահովումը և շահագրգիռ հաստատությունների աշխատանքների համակարգումը:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության համաձայն՝ գործողությունների ծրագրի իրականացումը վերահսկելու նպատակով կազմված հանձնաժողովը պետք է կանոնավոր կերպով անցկացնի գործողությունների մոնիտորինգ և դրա արդյունքները համեմատի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից անցկացրած մոնիտորինգի արդունքների հետ, իր ելույթում նշեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Այս նպատակով անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխությունների վիթխարի ծավալի աշխատանք: Հանձնաժողովին ևս սպասում է զգալի աշխատանք:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խոստովանեց, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը երկար սպասված է և մեծ ակնկալիքներ է կապում նորաստեղծ մարմնի հետ։ Ըստ օմբուդսմենի՝ առանց հաստատված գործողությունների ծրագրի անհնար է ապահովել հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը:
Հանձնաժողովին արդյունավետ աշխատանքի մաղթանքով հանդես եկավ մեր երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիստեան:
Մարդու իրավունքների ոլորտում առկա բազում խնդիրների լուծման համար առկա է երկրի իշխանությունների և հասարակության կամքը, լրագրողներին հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։