ԿարևորՏնտեսական

Հինգ անգամ ավելացնել Հայաստանի եւ Ռումինիայի առեւտրաշրջանառությունը, գնահատումը հայազգի նախարարինն է

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանի ու Ռումինիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները կարելի է հասցնել 500 մլն դոլարի: Շրջանառության ծավալների գրեթե հնգակի ավելացման հնարավորության վերաբերյալ գնահատումը Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանինն է: Ոսկանյանը գլխավորում է այս օրերին Հայաստանում գտնվող շուրջ 3 տասնյակ ռումինացի գործարարների պատվիրակությունը, որը Զարգացման հայկական գործակակության և Արդյունաբերողների ու գործարարների միության հրավերով Երեւանում քննարկում է գործակցության նոր ուղիներն ու հնարավորությունները:
Ռումինիայի էկոնոմիկայի նախարարը չի ժխտում` Հայաստանի հետ գործարար կապերին առաջնահերթություն տալու գործում ինքն անմասն չի մնացել, Հայաստանն այնքան իրենն է համարում, որ Ռումինիան ներկայացնելով հանդերձ` իր ողջույնն ու ելույթը հայերերով է ներկայացնում։
Հայաստանյան տնտեսական զարգացումներին Վարուժան Ոսկանյանը հետեւում է հեռվից: Տեղյակ է ոչ միայն Ռումինիայի, այլեւ Հայաստանի ներքին տնտեսական խնդիրներին, սակայն Հայաստանի իշխանություններին նկատողություններ անելու ու խորհուրդներ տալու իրավունք իրեն չի վերապահում, ասում է` ամեն երկիր իր խնդիրներն ունի ու դրանց իր մոտեցումները։
Շինարարություն, էներգետիկա, հեռահաղորդակցություն, համակարգիչների արտադրություն. սրանք մի քանիսն են այն ոլորտներից, որոնցում հայ-ռումինական գործակցության նոր հեռանկարներ են նշմարվում:
Ռումինիայի էկոնոմիկայի նախարարն ընդգծում է, թե որքան ցանկալի է, օրինակ, հայկական տուֆի ներկրումն իր ներկայացրած երկիր: Փակ սահմանները խանգարում են, սակայն չեն կարող լիովին փակել երկու երկրները միմյանց կապելու գործնական ուղիները:
Հայաստանի օրենսդրությունը լավն է, ռումինացի գործարարներին վստահեցնում է Վարուժան Ոսկանյանն ու ավելացնում` հայ ներդրողներին էլ Ռումինիայում են սպասում. այնտեղի հայ համայնքն արդեն հասցրել է նպաստել բարիդրացիական կապերի հաստատմանը։

Եվրաինտեգրման գործընթացները Ռումինիայի ուշադրությունը որոշակիորեն շեղում են որոշ երկրներից, այդ թվում` Հայաստանից, նկատում է Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության ղեկավար Արսեն Ղազարյանը: Սակայն, ըստ նրա, պետք չէ ու չի կարելի ժամանակ կորցնել գործակցության նոր ուղիներ փնտրելիս:
«Նոր ուղիներ ռումինացի գործարարների առջեւ բացում են հենց Հայաստանի քայլերը դեպի Եվրամիություն»,- ասվածին որպես հավելում շեշտում է Հայաստանում ռումինա- հայկական առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ռադու Անյուն, ով նաեւ ղեկավարում է Ռումինիայում գործող «Միքայել Նորադուզյան» հիմնադրամը:
Ի դեպ` նախորդ տարիների վիճակագրության համաձայն` Հայաստանը բարեկամ երկրից առավել մեծ ծավալով ներկրել է հանքային վառելանյութ, նավթամթերք ու էլեկտրոնային սարքեր, արտահանել հիմնականում պլաստմասսա։
Հայ- ռումինական կողմերն այսօր կնքեցին հուշագիր` միտված երկկողմ կապերին նոր խթան հաղորդելուն: Առաջիկայի համար ծրագրվում է 4-րդ հայկական առեւտրային ցանցի կազմակերպումը Ռումինիայում։

Ցուցադրել ավելի
Back to top button