Հասարակություն

Հայ արվեստագետները մասնակցել են Վիլնյուսի «Մշակութային գիշեր» փառատոնին

Հուլիսի 5-ին Վիլնյուսում տեղի է ունեցել «Մշակութային գիշեր» միջոցառումը, որին մասնակցել է նաև Հայաստանը: Արվեստի և մշակույթի այս փառատոնը Լիտվայում անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Այս տարի «Մշակութային գիշերը» հանդիսացել է ԵՄ-ում Լիտվայի նախագահության ստանձման կապակցությամբ իրականացվող գլխավոր մշակութային միջոցառումը: Մեկ գիշերվա ընթացքում լիտվացի և տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնակիցներ իրենց արվեստն էին ցուցադրում Վիլնյուսի Հին քաղաքի համերգային դահլիճներում, թանգարաններում, ցուցասրահներում, հրապարակներում:

Հայաստանն այս փառատոնին ներկայացրել են «Արամ Խաչատրյանի անվան եռյակը», որը գիշերվա ընթացքում Վիլնյուսի քաղաքային համերգասրահում հանդես է եկել Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված երկու համերգով, և դիզայներ ու քանդակագործ  Առնո  Կուռը (Սաշա Ղալեչյանը)  «Տես քեզ հայերեն» նախագծով: Լիտվայի հանդիսատեսը մեծ ջերմությամբ է ընդունել հայ արվեստագետներին: Միջոցառումն իրականացվել է Հայաստանի մշակույթի նախարարության և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Back to top button