ԿարևորՀասարակություն

Հայաստանցիների կեսից ավելին կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ է գնահատում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Այսօր ներկայացվել են Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013 թ. արդյունքները:  Բարոմետրը կոռուպցիայի վերաբերյալ  հանրային կարծիքի ուսումնասիրության  համաշխարհային հարցում է։ Այն իրականացվել է աշխարհի 107 երկրներում, 114 հազար մարդկանց շրջանում:
Ըստ ընդհանուր տվյալների՝  հարցվածների կեսից ավելին կարծում է, որ կոռուպցիան իրենց երկրներում աճել է : 27 տոկոսը նշում է, որ վերջին 12 ամիսների ընթացքում կաշառք է տվել հանրային  այս կամ այն ծառայությունը ստանալու համար:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրում միտումները ընդհանուրից փոքր-ինչ տարբերվում են: Մասնավորապես, եթե աշխարհում հարցվածների մոտ 90 տոկոսն է պատրաստ այս կամ այն կերպ ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում, ապա Հայաստանում այդ ցուցանիշը  47 տոկոս է:

Հարցվածների միայն 19 տոկոսն է կարծում, որ վերջին երկու տարիներին Հայաստանում կոռուպցիան նվազել է, 43 տոկոսի կարծիքով  այն երկրում աճել է : Հարցվածների 82 տոկոսը կոռուպցիան լուրջ հինախնդիր է համարում երկրի համար,  53 տոկոսը անարդյուանվետ է գնահատում կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունների ձեռնարկած քայլերը:
«Կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունների քայլերը արդյունավետ կամ շատ արդյունավետ է համարել հարցվածների միայն 21 տոկոսը, իսկ 53 տոկոսն անրդյունավետ է համարե: Եթե համեմատում  ենք նախորդ հարցման արդյունքների հետ, ապա անարդյունավետ համարողների թիվը նույնն է մնացել, իսկ արդյունավետ համարողներինը նվազել է: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության հարցում հասրակության մեջ սկեպտիկ մոտեցում կա»,- ասում է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտորնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
Բարոմետրում ներառված են ընդհանուր հարցեր կոռուպցիայի ընկալման վերաբեյալ, այն փորձում է պարզել, թե  այս կամ այն երկրում և աշխարհում ընդհանրապես մարդիկ որքանով են առնչվել կոռուպցիային, որքանով են արդյունավետ համարում իշխանությունների գործադրած ջանքերը, որքանով են պատրաստ անձամբ ներգարվվել կոռուպցիայի դեմ պայքարում։

Հատկապես վերջին հարցով աշխարհի ու Հայաստանի տվյալներն էականորեն տարբերվում են: Եթե ընդհանուր տվյալով հարցվածների մոտ 90 տոկոսն է պատրաստ անձամբ ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում, ապա Հայաստանում այդ թիվը կիսով չափ փոքր է ՝ հարցավծների միայն 43  տոկոսն է պատրաստ որևէ ձևով ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում  և ընդհանրապես, միայն  37 տոկոսն է կարծում, որ շարքային քաղաքացին կարող է ինչ-որ բան փոխել կոռուպցիայի դեմ պայքարում:  Այս  ցուցանիշը, որն   ամենացածրն է   107 երկրների մեջ, Վարուժան Հոկտանյանը մտահոգիչ է համարում։
«Այսինքն՝ մենք ունենք բնակչություն, որն ասել է, որ չի ուզում ներգրավվել: Տարբեր բացատրություններ կարող են լինել, ավելի   լուրջ հետազոտության կարիք կա պարզելու համար, թե ինչու է դա այդպես: Դա կարող է լինել և այն բանից, որ հասարակության մեջ կա ապատիա, կարող է  լինել վախի մթնոլորտ, որ մարդիկ ուղղակի վախենում են»։

Կամ  կարող է պարզապես պայմանավորված լինել պայքարի մեջ ներգրավվելու անիմաստության համոզմունքով,  ասում է հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը:
Բարոմետրը փորձել է նաև պարզել այն կառույցների ու հաստատությունների ցանկը, որոնք մարդկանց ընկալմամբ ամենակոռումպացվածն են: Այս հարցում ընդհանուր ու հայաստանյան տվյալներն իրարից այնքան էլ չեն տարբերվում, թեև տարբերություններ այդուհանդերձ կան: Հայաստանում հարցվածներն ամենակոռումպացվածը համարում են դատական համակարգը, առոջապահության ոլորտը և պետական պաշտոնյաներին։
Աշխարհի համար միջինացված տվյալներով՝ ամենակոռումպացված  կառույցները կուսակցություններն են, ոստիկանությունը և պետական պաշտոնյաներն ընդհանրապես:
Եվ ընդհանուր տվյալներից ևս մեկը, որ բնորոշում է այս հարցման բովանդակությունը: Ամբողջ աշխարհում հարցվածների ավելի քան կեսը կարծում է, որ վերջին երկու տարիներին կոռուպցիան իրենց երկրներում աճել է: Ըստ արդյունքերի՝ վերջին 12 ամիսների ընթացքում հարցվածներից յուրաքանչյուր չորրորդը ասել է, որ կաշառք է տվել:
Եվ վերջեապես՝ ամբողջ աշխարհում նվազել է կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ գնահատողների թիվը: Նախորդ հարցման արդյունքերով՝ մարդկանց 31 տոկոսն է կարծել, որ իշխանությունների ջանքերն արդյունավետ են: Այս տարի այդպես կարծում է հարցվածների միայն 22 տոկոսը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button