ԿարևորՀասարակություն

Բնապահպանական խնդիրները Սյունիում ողբալի են. ՀԲՃ անդամներ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մի քանի ամիս առաջ ստեղծված համահայկական բնապահպանական ճակատն արդեն սկսել է լայնածավալ գործունեություն ծավալել բնապահպանական խնդիրների վտանգավորության մասին հանրությանը իրազեկելու ուղղությամբ: Խումբը հնգօրյա արշավ է կազմակերպել Սյունիքի մարզ` պարզելու մարզում առկա հանքավայրերի ու պոչամբարների ընթացիկ վիճակն ու բնապահպանական խնդիրները: Խմբի անդամների խոսքով` պատկերը Սյունիքում ողբալի է: Համահայկական բնապահպանական ճակատի առաքելությունն է իրազեկել հանրությանն առկա խնդիրների մասին և փորձել միասին լուծումներ գտնել, քանի որ ինչպես իրենք են ասում բնապահպանության նախարարությունը ոչինչ չի անում այս ուղղությամբ:

Հանքարդյունաբերությամբ ծանրաբեռնված Սյունիքի մարզում այսօր գործող մեծածավալ մետաղական հանքավայրերը վտանգավոր են տեղի բնակչության համար, բարձրաձայնում է համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն ու ավելացնում, որ այսպիսի իրավիճակի դեպքում 20 տարի հետո Սյունիքի մարզի մասին պետք է մոռանալ: Հնգօրյա արշավի ընթացքում բնապահպանական ճակատը փաստագրել է փակված ևգործող պոչամբարների մասշտաբները: Պոչամբարները, ըստ բնապահպան Գալստյանի, կառուցված են միջազգային բնապահպանական չափանիշներին անհամապատասխան:

«Ընդհանրապես առանձնացված չեն բնությունից, մարդիկ կարող են հանգիստ մոտենալ, բազմաթիվ գյուղացիներ պատմում են` ինչպես են իրենք լողացել պոչամբարում, հետո հասկացել, որ վտանգավոր է: Անասուններն անընդհատ ջուր են խմում պոչամբարներից: Ոչ մի ձև սահմանազատված չեն, նույնիսկ ցանկապատերով: Դրված չեն ցուցանակներ, որ մուտքն արգելված է: Ամեն ինչ արվում է, որ մարդիկ չիմանան, թե ինչ է ցուցամբարը»:

Սյունիքի մարզի Գեղի գետի վերին հոսանքներում բնապահպանների խումբն ականատես է եղել վթարային վիճակի: Նշենք, որ Հանքասարի հանքավայրը, որը գտնվում է Գեղի գետի վերին հոսանքներում, շահագործվում է «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի կողմից, որի հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է լեռան կատարին, իսկ ձորի մեջ գործում է պոչամբար, որը համահայկական բնապահպանական ճակատի անդամների խոսքով ճիշտ չէ կառուցված: Հունիսի 25-ի երեկոյան պոչամբարի կողքով անցնող խողովակը, որի միջով հոսում է լեռնային գետը, պայթել է:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամները ահազանգում են արտակարգ իրավիճակների նախարարությանը, սակայն հետագայում բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները հերքում են պոչամբարից թափոնաջրերի արտահոսք լինելու փաստը` նշելով, որ երբ պայթել է պլաստմասե խողովակաշարը, արտահոսած գետի մաքուր ջուրը լցվել է ոչ թե պոչամբար և պոչերի հետ միասին արտահոսել դեպի Գեղի գետ, այլ առանց թափոնաջրերին խառնվելու լցվել գետը առանձին կառուցված խողովակաշարի միջոցով:

Բնապահպանները բարձրաձայնում են, որ Սյունքի մարզում վերահսկողություն չկա, քանի որ այնտեղ գործող կլանային համակարգը թույլ չի տալիս որևէ բանի մասին խոսել: Այնտեղ ոչ մի լաբորատոր և գիտական հետազոտություններ չեն կատարվում: Այս տեմպերով շարունակելու դեպքում մենք այլևս չենք կարող ապրել առողջ միջավայրում և ունենալ առողջ սերունդ ահազանգում են բնապահպանները: Հանքավայրերի շահագործումը Հայաստանին պետք են, սակայն դրանք պետք է լինեն անհրաժեշտ քանակությամբ և համապատասխանեցվեն միջազգային բնապահպանական չափանիշներին:

Ցուցադրել ավելի
Back to top button