ԿարևորՏնտեսական

Ուժի մեջ են մտել գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագները

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Գազի ու էլեկտրաէներգիայի նոր` բարձրացված սակագներն արդեն ուժի մեջ են մտել: Որպեսզի նախորդ ու ներկա սակագներով սպառված գազի արժեքը ճիշտ հաշվարկվի, «ՀայՌուսգազարդ»-ը սկսել է ճշգրտել իր հաշիվները սպառողների հետ. գրանցվում են բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները մինչեւ թանկացումը: Իսկ մինչ Հայաստանում գազի միակ մատակարարն իր հաշվարկներն է ճշգրտում, տնտեսագետներն ու սպառողների շահերի պաշտպաններն էլ գների բարձրացման իրենց նոր հաշվարկներն են անում: Որ տնտեսության տարբեր ճյուղերում գների բարձրացումներն անխուսափելի են, որեւէ հաշվարկով չի հերքվում:

Թեմայի մանրամասները` Հուլիսի 7-ից «ՀայՌուսգազարդ»- ի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը սկսել են բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը: Մատակարարի և բաժանորդի միջև փոխադարձ հաշվարկները ճշգրտվում են: Ստուգման ակտերը կազմվում են բնական գազի արդեն նոր սակագնով կազմավորված պարտավորությունները նախորդից տարանջատելու նպատակով: Այսինքն՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով ամրագրվում է 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի ցուցմունքը՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի տվյալներին համապատասխան։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից հայ սպառողներն ավելի թանկ կվճարեն թե սպառած գազի, թե էլեկտրաէներգիայի դիմաց: Այսուհետ գազի 1 խմ-ի դիմաց սպառողը պետք է վճարի 156 դրամ` գործող 132 դրամի դիմաց: 8 դրամով թանկանում է նաեւ էլեկտրաէներգիան: Հոսանքի ցերեկային սակագինը 30 դրամից դառնում է 38 դրամ: Գիշերային սակագինը հաստատվում է 28 դրամ: Նկատենք, որ արդեն թեւ են առել գազի եւ հոսանքի թանկացումից բխող շղթայական գնաճին առնչվող մտահոգությունները: Բարձրացումներ առաջին հերթին կանխատեսվում են տրանսպորտի սակագներում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը Ռոբերտ Նազարյանը դեռ նոր սակագները ներկայացնելիս վկայակոչել էր այս ուղղությամբ իրենց որոշ հաշվարկներ: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը հերթական անգամ հնչեցնում է իր մտահոգությունը` թանկացումներն անխուսափելի են: Վերջին տարիներին տրանսպորտի սակագների բարձրացումը հազիվ է կանխվել, իսկ այժմ դա կարող է անխուսափելի լինել, քանի որ գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքով ընդհանրապես կյանքն է թանկանում:

Տնտեսագետները գների բարձրացման նոր ալիքը կանխատեսում են արդեն տարվա երկրորդ կեսից` դա ուղղակիորեն կապելով գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետ: Սակագների բարձրացումն ամենաուղիղ կերպով կհարվածի արդյունաբերությանը. ստացվում է այնպես, որ արտադրության նույն ծավալները պահպանելով արտադրողներն արդեն ծախսում են ավելի շատ` ավելի բարձր գին վճարելով ծախսվող գազի ու էլեկտրաէներգիայի վրա. բացատրում է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Միայն արտադրության ծախսերի ավելացման ռիսկերը 28-30 տոկոսի են հասնում. հաշվարկել է նա: Հարկային որոշ փոփոխություններ էլ գալիս են ավելանալու բարձրացված սակագներին ու կարելի է ասել պարտադրում նաեւ շշալվող արտադրանքի նոր թանկացումներ:

Հիշեցնեմ` անցյալ ամիս հանրապետության գլխավոր դրամատունն արդեն վերանայել է իր կանխատեսումները և հայտարարել, որ գնաճն ընդհուպ մինչեւ կրկնակի ավելի բարձր է լինելու, քան տարեսկզբին էր կանխատեսվում: Գների վայրիվերումները ոչ թե կասեցնելու, այլ մեղմելու նպատակով Կենտրոնական բանկը խոստանում է որոշ վերանայումներ մտցնել իր դրամավարկային քաղաքականության մեջ, սակայն միաժամանակ խոստովանում` գնաճը հնարավոր կլինի կանխատեսելի միջակայքում պահել միայն եկող տարվա երկրորդ կեսերից: Ուստի այժմ մնում է հույս դնել միայն մեր տնտեսվարողների բարեխղճության վրա ու ակնկալել, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր հերթին հնարավորինս թույլ չի տա գների չհիմնավորված վայրիվերումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button