Հանգիստը թույլ է տալիս փոխելով միապաղաղ միջավայրը. ինչպես անցկացնել արձակուրդը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ամառային այս շոգ օրերին ավանդաբար սկսվում է արձակուրդային շրջանը: Շատերը նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել հենց այս ժամանակահատվածում: Ամեն ոք իր հանգիստը յուրովի է կազմակերպում` ըստ ցանկության և հնարավորության:
Ինչպես նկատում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, հանգիստը թույլ է տալիս փոխելով միապաղաղ միջավայրը, ձեռք բերել նոր տպավորություններ:
Ի տարբերություն խորհրդային տարիների՝ հանգստի մեկնողների թիվը զգալի պակասել է` սոցիալական իրավիճակից ելնելով։
Անցյալ տարի Վրաստանի սևծովյա ափամերձ քաղաքներում եղել է 150 հազար հայ, ևս 50 հազար մեր համաքաղաքացի եղել են այլ երկրների մատչելի հանգստավայրերում: Իսկ մեր երկիր այցելած տուրիստների թիվը 2012-ին կազմեց շուրջ 60 հազար մարդ: Ըստ սոցիոլոգի՝ մեր երկրի տուրիստական գրավչության մակարդակը բարձրացնելու խնդիր կա:
Հայաստանում առկա է ազգագրական, կրոնական, ճարտարապետական, ուտեստային, գյուղական և այլ զբոսաշրջային ծրագրերի իրականացման ներուժ, նկատեց Ադիբեկյանը: Սակայն մեր երկրում հանգստի լիարժեք կազմակերպման համար դեռևս շատ անելիք կա:
Հանգիստը անհրաժեշտ է և լիցքաթափվելու առումով, նկատում է հոգեբան Աննա Բադալյանը: Ըստ նրա՝ ուտեստային զբոսաշրջության առումով հաջողության են հասել Արցախում` շնորհիվ ժինգյալով հացի:
Հոգեբանը գտնում է, որ ավելի արդյունավետ կլինի արձակուրդը բաժանել երկու հատվածի` ձմռանը և ամռանը, ինչը կապահովի լիարժեք հանգիստը: