Քաղաքական

ԵԱՀԿ նախագահը անհրաժեշտ է համարում ակտիվացնել ՄԽ գործունեությունը

Ուկրաինայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում  դիվանագետը հայտարարել է, որ սառեցված հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ տարածաշրջանում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից է:
Կոժարան ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
«ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մեզ մտահոգում է: Մենք սատարում ենք Մինսկի խմբի գործունեությունը և համարում ենք, որ անհրաժեշտ է ակտիվացնել խմբի գործունեությունը: Կիևը մշտապես աջակցելու է հայկական և ադրբեջանական հասարակությունների ներկայացուցիչների շփումներին, քանի որ դրանք  կարող են օգնել հակամարտության կարգավորմանը»,- ասել է Կոժարան։
Նա հավելել է, որ Ուկրաինան, մինչև ԵԱՀԿ-ում նախագահելու ժամկետի ավարտը, հնարավոր ամեն ինչ անելու է սառեցված հակամարտությունների կարգավորման հարցում դրական տեղաշարժ արձանագրելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button