Մշակույթ

Թբիլիսիում դեռ հիշում են… հուզվում ու հրճվում են Ֆրունզիկի կերտած կերպարներով

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

Լրացավ ժողովրդական դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 83 -ամյակը: Անվանի արտիստի  մահվանից անցել է արդեն 20 տարի, սակայն նրան նախկինի պես սիրում են, այսօր էլ հուզվում ու հրճվում են նրա մարմնավորած դերերով: Թբիլիսիում, որտեղ հաճախ էր լինում Ֆրունզիկը, հիշում են նրա թևավոր դարձած խոսքերը…

«Միմինոն» հայ-վրացական բարեկամության խորհրդանիշ հանդիսացող ֆիլմերից մեկն է, որտեղ Մհեր Մկրտչյանը խաղում է վրացի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի հետ: Այս ֆիլմն այսօր էլ այստեղ մարդիկ հավաքվում ու դիտում են միասին, խոսում երկու ժողովուրդների բարեկամությունից և, իհարկե, կատակում, ինչպես ֆիլմում։
«Я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся/Քեզ մի խելոք բան կասեմ, սակայն չնեղանաս». սա, կարծում եմ, ոչ միայն Վրաստանում, այլև ողջ Խորհրդային Միությունում թևավոր խոսք էր դարձել։ Երբ մարդիկ հիշում են այդ խոսքերը, դրական լիցքեր են ստանում, դա ուղղակի հիանալի է, դա զարդարում է հարյուր հազարավոր կամ էլ գուցե միլիոնավոր մարդկանց կյանքը։

Գերոգի Դանելիայի «Միմինոն», «Կովկասի գերուհին», «Մի վշտանա» և մյուս ֆիլմերը, որտեղ խաղում են Մհեր Մկրտչյանն ու Վախթնագ Կիկաբիձեն, պատկերում է հայերի ու վրացիների իրական հարաբերությունները, ասում են վրացի զրուցակիցներս։
«Դրա համար էլ յուրաքանչյուր մարդ այդ ֆիլմերը դիտելիս հուզվում ու հրճվում է, որովհետև այն իրական է»։
Ինքը՝ Մհեր Մկրտչյանը հայ- վրացական հարաբերությունների մասին ասում էր. «Մենք եղբայրներ ենք,  
ինձ դուր չի գալիս բարեկամ բառը, երբ խոսքը գնում է Վրաստանի մասին, մենք եղբայրներ ենք»։
Ի դեպ՝ սա դերասանի վերջին հարցազրույցն էր, որ տվել էր թբիլիսահայ լրագրող Խաչատուր Վարդանյանցին: Վերջինս, որ արտաքնապես նման է Ֆրունզիկին՝ հատկապես իր մեծ քթով, հիշում է, որ հարցազրույցից առաջ Ֆրունզիկն իրեն ասաց.
«Դու ո՞վ ես, իմ քիթը քո քթին նման է, ինչո՞ւ ես խաբում»։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button