Մշակույթ

«Երեւանյան օրեր» Սանկտ Պետերբուրգում

ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այս օրերին անցկացվող Երևանի օրերի շրջանակում պետերբուրգյան արվեստասեր հասարակայնությունը հնարավորություն է ունեցել մեկ անգամ ևս անմիջականորեն շփվելու հայկական մշակույթին:
Պետերբուրգում «Երևանյան օրերի» մշակութային ծրագրի շրջանակում Կրոնի պետական թանգարանում բացվել է պետերբուրգցի հայտնի հայ գեղանկարիչ Զավեն Արշակունու «Լույս երկնային» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվել են արվեստագետի ասվածածաշնչյան թեմաներով շուրջ 30 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ։

«Այս ցուցահանդեսը, ինչպես նաև մշակութային մյուս միջոցառումները հրաշալի հնարավորություն են մեր բարեկամներին ներկայացնելու ոչ միայն դարերի պատմություն ունեցող հայկական մշակույթը, այլև դրա մերօրյա դրսևորումները: Նմանատիպ միջոցառումները նաև առիթ են միմյանց ավելի լավ ճանաչելու ու հասկանալու և, դրանով իսկ, ինքնատիպ խթան են բարեկամ քաղաքների փոխգործակցության համար>>,- նշել է Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։
Մշակութային ծրագրի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Ռայկինի անվան թատրոնի բեմում ներկայացվել է Արմեն Վաթյանի «Ինտիմ չառաջարկել» ներկայացումը, որը հանդիսատեսին հայտնի է նաև «Պետերբուրգյան սինդրոմ» անունով: Հայ տղայի և պետերբուրգցի աղջկա սիրո մասին պատմող ներկայացումը բեմադրել է «Արտ-Պիտեր» պրոդյուսերական կենտրոնը՝ Սանկտ Պետերբուրգում Երևանի ներկայացուցչության անմիջական աջակցությամբ:

Պետերբուրգի պետական ակադեմիական երգչախմբի բեմում տեղի է ունեցել Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ելույթը՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button