

«Middle East Airlines» ավիաընկերությունը այսօրվանից կազմակերպում է Բեյրութ-Երևան-Բեյրութ ավիաչվերթը, որի բացման կապակցությամբ Հայաստանում է Լիբանանի պատվիրակությունը։
«Հաշվի պետք է առնենք, որ տարածաշրջանային խնդիրների պատճառով լիբանանյան «Middle East Airlines»-ի այս որոշումը անհրաժեշտություն էր Լիբանանում և Սիրիայում ապրող մեր հայրենակիցների համար: Նման չվերթի շահագործումը կօգնի նաև երկու երկրների տնտեսության, մասնավորապես տուրիզմի զարգացմանը»,- հայտարարել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ այսօր ընդունելով Լիբանանի պատվիրակության անդամներին։
Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սաբունջյանը եւս կարեւորել է այս ավիաչվերթի նշանակությունը։
«Այս չվերթով մենք կօգնենք այն ուղևորներին, ովքեր դժվարությամբ էին հասնում Հայաստան: Հենց առաջին չվերթի ժամանակ բոլոր ուղևորները հայեր էին, որն ինձ համար շատ ուրախալի էր, վայրէջք կատարելիս նրանք երգում էին Հայաստանի հիմնը: Հասկանալի է, որ այս որոշումը շատ ավելին էր, քան ես սպասում էի»,- հայտարարել է «Middle East Airlines» ընկերության նախագահ Մոհամմադ Էլ Հութը: