ԿարևորՀասարակություն

Անզգուշություն եւ ալկոհոլի չարաշահում. Սեւանում ջրահեղձման պատճառները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ամառային տապն ու ծով չունենալը մեր քաղաքացիներին ջրային հանգստի միայն մեկ հիմնական տարբերակ են թողնում` Սեւանա լիճը: Սակայն տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրամբարում հանգստանալը որքան հաճելի, նույնքան էլ վտանգավոր է: Հենց դա էլ պահանջում է ջրափրկարարների հատուկ ուշադրությունն ու շարունակաբար ավելացող ջանքերը` կանխելու, ցավոք, ամեն տարի գրանցվող դժբախտ պատահարները:
Սեւանա լճի  հանրային 11լողափերը բացվել են հուլիսի 1-ից: Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղեկալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանի փոխանցմամբ` այս տարի հանրային լողափերի քանակը չի ավելանա, սակայն լողափերից մեկում կընդլայնվեն մատուցվող ծառայությունները:
Լողափում բոլոր այցելուները հնարավորություն կունենան օգտվել անվճար կայանատեղիից, մանկական եւ սպորտային խաղահրապարակներից, սանհանգույցներից, լողաթախտերից եւ այլ ծառայություններից:
Մոտավոր հաշվարկները վկայում են` անցյալ տարի հանրային լողափերում հանգստացողների թիվը հասել է շուրջ 120 հազարի: Հանգստացողների մեծ քանակը պահանջում է ջրափրկարարների առավել լուրջ ուշադրությունը:
Հունիսի սկզբից արդեն Սեւանի ափին վերահսկողություն է տարվում հատուկ փրկարար ծառայության կետերի կողմից: ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը նկատում է, սակայն, որ մասնավոր լողափերը չեն վերահսկվում, իսկ լճի ափերի ողջ երկայնքով մեկ հսկողություն իրականացնել պարզապես հնարավոր չէ։
Արտակարգ իրավիճակներում աշխատող մասնագետների դիտարկումները փաստում են` Սեւանա լճում ջրահեղձման դեպքերի հիմնական պատճառն անզգուշությունն է կամ ալկոհոլի չարաշահ ումը: Դժբախտ դեպքերի գերակշիռ մասը պատահում է փրկարարների կողմից չվերահսկվող տարածքներում:
Սեւանա լճի մակարդակի բարձրացումն ափամերձ շատ հատվածներում փոխում է թե հանգստի, թե լողի կանոնները: Որոշ ափերում ավելացած դարանակալ փոսերը, ծառերի մնացորդներն եւ ջրիմուռները վտանգավոր են դարձրել լողը տվյալ վայրում, ուստի դրանց մասին հանգստացողներն իրազեկվում են հատուկ ցուցանակների միջոցով:
Սառը ջուրը հաճախ մկանային կծկումների է բերում, որն անգամ փորձառու լողորդների համար է քաղցրահամ ջրամբարում լողալը վտանգավոր դարձնում: Իսկ անսթափ վիճակում գտնվողներին՝ ինչպես ասում են` «ծովը թվում է ծնկներից»։
Անվտանգության կանոնների պահպանման առաջին պայմանը լճում տեղադրված կարմիր լողանշանները չանցնելն է եւ միայն մարդաշատ ափերում լողալը: Այս տարի հսկվող 19 լողափերի անվտանգությունը կհետեւեն 38 փրկարարներ: Նրանք  արդեն ամենագնաց մեքենա ունեն` զինված անհրաժեշտ ջրափրկարարական գույքով` մոտորանավակ, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, լուսարձակներ` մթության պայմաններում աշխատելու համար, ռադիոկապի միջոցներ:
Նոր սարքը թույլ է տալիս արագ հետազոտել անգամ ջրի հատակը, սա, իհարկե, դժբախտ դեպքերում: Իսկ ժամանցի ուրախ սկիզբն ուրախ ավարտով համադրելու համար մասնագետները հորդորում են և ոչ մի պահ չմոռանալ զգոնության մասին: Սեւանն, ի վերջո, սառն է ու քաղցրահամ` լողալու համար ոչ հարմար:

Back to top button