ԿարևորՔաղաքական

ԼՂՀ վարչապետ.««Բանակցային գործընթացի» այս փուլում ԼՂ-ի՝ որպես լիիրավ կողմի մասնակցությունը պարտադիր չէ»

ԼՂ-ի վարչապետ Արա Հարությունյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Մինսկի խմբի շրջանակում ընթացող, այսպես կոչված, «բանակցային գործընթացի» այս փուլում ԼՂ-ի՝ որպես լիիրավ կողմի մասնակցությունը պարտադիր չէ, քանի որ այդ բանակցություներում հարցի լուծման որեւէ հեռանկար դեռ չի ուրվագծվում: Այս մասին Արցախի վարչապետը հայտարարել է այսօր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչների եւ նվիրատուների խմբի հետ հանդիպման ժամանակ: ԼՂ-ի կառավարության ղեկավարը պատասխանել է «Նոր Հառաջ» թերթի թղթակցի հարցերին:

Արա Հարությունյանի խոսքով՝ հարցի լուծումն այնքան հեռու է, որ բանակցություններն առայժմ ձեւական բնույթ են կրում, եւ դրանց այսօրվա միակ արդյունքը տարածաշրջանում խաղաղության պահպանումն է: Վարչապետը հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ հայկական կողմի այն դիրքորոշումը, որ հակամարտության լուծումն առանց ԼՂ-ի մասնակցության անհնար է՝ լրացնելով, որ Ստեփանակերտը հակամարտության լուծման վերաբերյալ իր դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ հայտարարել է եւ այն հայտնի է թե Մինսկի Խմբի համանախագահներին, թե միջազգային կառույցներին:

Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, ըստ վարչապետի, հուշում են, որ առաջիկայում այդ գործընթացում որեւէ դրական տեղաշարժ չի լինելու։ «Բայց դա մեզ չի մտահոգում, մենք շարունակելու ենք զարգանալ՝ հետապնդելով մեր ազգային շահերը, ինչպես բանակցություններում, այնպես էլ այլ հարաբերություններում»,-ֆրանսահայերին հավաստիացրել է Արցախի վարչապետը: Ըստ Արա Հարությունյանի՝ տարածաշրջանում ստատուս քվոյի դրական փոփոխությունը կարող է արտահայտվել միայն ԼՂՀ միջազգային ճանաչմամբ, եւ քանի դեռ դա տեղի չի ունենում, Արցախում փորձել են հարմարվել ստեղծված իրավիճակին` դրան հարիր քայլեր ձեռնարկելով, որոնք պետք է տվյալ պայմաններում երկրի զարգացումն ապահովեն:

Ցուցադրել ավելի
Back to top button