ԿարևորՀասարակություն

Ժողովուրդն առայսօր Սահմանադրությունը չի ընկալում և ընդունում որպես իր իրավուքները պաշտպանող փաստաթուղթ

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Սահմանադրության այն կետերը, որոնք վերաբերում են պետական իշխանության լիազորություններին, փայլուն են աշխատում, իսկ այն կետերը , որոնք վերաբերում են իմ և ձեր իրավունքներին, գործում են վատ, այսօր Սահմանադրության օրվա առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը:

Ըստ նրա՝ Սահմանադրության մեջ կան բացեր, որոնք շտկման կարիք ունեն: Խոսքն առաջին հերթին դատական իշխանության անկախությանը վերաբերող դրույթների մասին է:
Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը կարծում է, որ սահմանադրական ամրագրումներն այդպես էլ չեն նպաստել դատական համակարգի կայացմանը:
«
Անկեղծ ասենք, երկրում մոտ 20 տարի  գործում է Սահմանադրությունը, բայց առայժմ մենք չենք ստեղծել անկախ, անաչառ և կոմպետենտ դատական համակարգ»:
Թոխյանի կարծիքով՝  երկրում սեփականության պատշաճ պաշտպանության խնդիր կա, ու եթե դատարաններն   ի վիճակի չեն պաշտպանել կամ  պաշտպանում են  այդ իրավունքը  հայավարի, ապա կասկածի տակ է դրվում երկրի տնտեսական զարգացումն ընդհանրապես:

«Դատական իշխանության ոչ անկախ վիճակը մեծապես սպառնում է երկրի տնտեսական զարգացմանը»,- ասում է նա։
Ի դեպ՝ Թեխյանը կարծում է, որ 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում սեփականության իրավունքն ավելի թույլ է պաշտպանված, քան՝ 1995-ի Սահմանադրությամբ էր:
Մյուս ոլորտը, որտեղ նույնպես սահմանադրական փոփոխությունների  կարիք կա, ՏԻՄ համակարգն է:  Թոխյանի ձևակերպմամբ՝ քսան տարիների ընթացքում  այս համակարգը նույնպես Հայաստանում չի կայացել։
«Այո, ունենք պետական հզոր տարածքային կառավարում, բայց այն մարմինը, որը մեզ ամենամոտն է և որը  պետք է մեր հարցերը լուծի, այսօր անիրավ է և, ամենակարևորը, աղքատ»:
Թոխյանը Սահմանադրության մեջ ոչ թե համակարգային, այլ կետային փոփոխությունների կողմնակից է:   Նրա կարծիքով ՝  երկիրի  խնդիրների պատճառները Սահմանադրությամբ ընտրված  կառավարման այս կամ այն համակարգի մեջ  չեն։

ՍԴ անդամը  համաձայն  չէ մոտեցումներին, ըստ որոնց կառավարման նախագահական  համակարգն ընտրելու դեպքում Հայաստանը դատապարված է լատինաամերիկյան բռնապետություն, իսկ խորհրդարանականի դեպքում ՝ Շվեյցարիա դառնալ:  Պատմությունն  այս տրամաբանությանը հակասող բազմաթիվ օրինակներ ունի, ասում է ՍԴ անդամը:

«Ես կողմնակից եմ ոչ թե լայնամասշտաբ ու կարդինալ փոփոխությունների։ Կարծում եմ այդ շռայլությունն այսօր Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ, այլ նպատակային կետային փոփոխությունների»:
Այդպիսի փոփոխություններից մի քանիսը , որ նշեց ՍԴ անդամը. դատավորների նշանակման ու ազատման հարցում պատասխանատու  դերակատարում ունեցող կառույցի՝ Արդարադատության խորհրդի  իրավասությունների, գործունեության կարգի  փոփոխությունն է, Հայաստանի վարչատարածքային բաժանման վերանայումը,   խորհրդարանի վերահսկողության գործառույթների ուժեղացումը, նաև պատգամավորների քանակի կրճատումը:
Այս ոլորտներում կոնկրետ փոխություններ կատարելը ՍԴ անդամն անհապաղ անհրաժեշտություն է համարում և կարծում է,  որ դրանցով հնարավոր է  թռիչք ապահովել թե տնտեսական զարգացման, թե քաղաքական համակարգի զարգացման համար:
Իսկ ընդհանուր  և Սահամանդրության գործողությունն այսօր բնութագրող գնահատականը շարունակում է նույնը մնալ. «Ժողովուրդն առայսօր Սահմանադրությունը չի ընկալում և ընդունում որպես իր իրավուքները պաշտպանող փաստաթուղթ»:

Ցուցադրել ավելի
Back to top button