ԿարևորՄիջազգային

Ադլի Մանսուրն այսօր կներկայացնի սահմանադրական նոր հռչակագիրը

Եգիպտոսի անցումային կառավարության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը, ով պաշտոնապես երդվել է հինգշաբթի, այսօր կներկայացնի սահմանադրական նոր հռչակագիրը,-տեղեկացնում է Al Arabiya-ն՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին։ Anadolu լրատվական գործակալությունն իր հերթին նկատում է, որ հայտարարվելիք հռչակագիրը կկրի ժամանակավոր բնույթ։

Անանուն աղբյուրն Anadolu-ին հայտնել է, որ փաստաթուղթը, ըստ ամենայնի, կլուծարի Եգիպտոսի 270 հոգանոց խորհրդարանի վերին պալատը, որտեղ առավելապես իսլամիստական ուժերն են գերիշխում։ Բացի այդ, հռչակագիրը կոչ կանի կազմավորել տեխնոկրատ կառավարություն։ Ըստ Եգիպտոսի ռազմական հրամանատարության որոշման՝ երկրի գլխավոր դատախազ Մանսուրն այնքան ժամանակ կպաշտոնավարի, քանի դեռ նոր նախագահը չի ընտրվի։

Հիշեցնենք՝ Եգիպտոսում ներքաղաքական ճգնաժամը սկսվել է հունիսի 30-ին տեղի ունեցած բազմամիլիոնանոց բողոքի ցույցերից հետո, որոնք ուղղված են եղել նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ։ Երկրի ռազմական հրամանատարությունն օրեր առաջ 48-ժամյա վերջնագիր էր ներկայացրել նախագահին, սակայն երբ վերջինս հրաժարվել է վայր դնել իր լիազորությունները, զինվորականները նրան պաշտոնանկ են արել։ Այժմ Մուրսին գտնվում է կալանքի տակ։

Ցուցադրել ավելի
Back to top button