Հասարակություն

Փախստականների խնդիրների լուծման համար առաջարկում են պետական ծրագիր մշակել

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան ներգաղթած ադրբեջանահայերի կացարանի խնդիրներն են այսօր հերթական անգամ քննարկման դրվել: Գրողների միությունում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն այսօր հրավիրել է հասարակական խորհրդարանի հանրային լսումներ, որոնց ժամանակ էլ ներկայացրել է հին խնդիրների լուծման իր նոր մոտեցումը` մշակել հատուկ պետական ծրագիր։
Միգրացիոն պետական ծառայության տվյալներով` 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան են ներգաղթել ավելի քան 361 հազար ադրբեջանահայեր, սակայն Հայաստանում այսօր նրանց թիվը հստակ չէ, քանի որ նրանցից շատերը հեռացել են Հայաստանից կամ փոխել բնակության վայրը երկրի ներսում։
Ադրբեջանից բռնագաղթած փախստականների շուրջ 25 տարի բարձրաձայնվող խնդիրների մասին ՀԴԿ-ի կազմակերպած հասարակական խորհրդարանի հանրային լսումների ժամանակ բարձրացված խնդիրների մեջ այսօր առանձնացվեց նաև այն, որ քանի դեռ Հայաստանը լուծում չի տվել նման հարցերին, Ադրբեջանից փոխհատուցում պահանջել առավել ևս չեն կարող:
2009 թվականից առ այսօր բյուջեն գումար չի նախատեսում  այս մարդկանց համար շենքեր կառուցելու համար: Նրանցից շատերն էլ այսօր ապրում են հանրակացարանային դժվարին պայմաններում: ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց, որ իրեն ամեն օր նամակներ ու խնդրանքներ են հասնում` ակնկալելով այս հարցերի լուծումը։
Տարիներով բարձրաձայնվող խնդիրներին հնարավորին չափ արագ լուծում տալու նպատակադրմամբ՝ դեմկուսը նախատեսում է ձեւավորել առաջարկությունների շարք, որը կուղղվի կառավարությանն ու ՀՀ նախագահին: Առաջարկների փաթեթի առանցքում հատուկ պետական ծրագրի կյանքի կոչման տեսլականն է, որը ենթադրում է, մասնավորապես, բնակարանաշինական նոր ծրագրեր ու պետական վերանայված մոտեցում այս խնդրին: Թե ինչ գումարների մասին է խոսքը, հաշվարկներ դեռ չկան: Նման առաջարկներին պետական մոտեցման մասին խոսելն էլ դեռ վաղ է, քանի որ այսօրվա քննարկմանը պետական հատվածի ներկայացուցիչներ չէին մասնակցում։

Ցուցադրել ավելի
Back to top button