Հասարակություն

Սահմանադրությունը ինչպես հարկն է չի ընկալվում հասարակության կողմից

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Անկախության հռչակումից կարճ ժամանակ անց ՀՀ-ն ստացավ համընդհանուր միջազգային ճանաչում։ Սկսվեց հայոց անկախ պետականության շինարարությունը։ Հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր ՀՀ Սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։
Նոր Սահմանադրությունը պետության կայացման գործընթացում շատ կարևոր էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավարական պետության անցնելու իրավական հիմքերը։ 18- ամյա ՀՀ Սահմանադրությունը դեռևս ճանապարհ ունի անցնելու, որպեսզի ամրապնդվի նաև  մեր հասարակության և հատկապես երիտասարդության շրջանում, նկատում է Ազգային արխիվի փոխտնօրեն, պատմաբան Էդգար Հովհաննիսյանը։

Հուլիսի 5-ին նշվում է ՀՀ Սահմանադրության օրը և այդ օրը ընդունված է որպես ոչ աշխատանքային օր, սակայն, ինչպես նկատեց Էդգար Հովհաննիսյանը, Սահմանադրությունը մեր իրականությունում չի ընկալվում ու չի նշվում ինչպես հարկն է: Նա կարծում է, որ պատճառը իրազեկվածության պակասն է, նոր սերնդի անտարբերությունը:
«Ռադիոլուրի» հարցին, թե ինչքանով է մեր Սահմանադրությունը ծառայում իր նպատակին եւ արդյո՞ք այն ունի լիարժեք կիրառություն և միգուցե դրանո՞վ էլ պայմանավորված է հասարակության անտարբերությունը, Էդգար Հովհաննիսյանը պատասխանեց, որ թեև ներկայիս Սահմանադրությունը չի ապահովում 100 տոկոսանոց կիրառություն, այնուամենայնիվ զգալի է նաև դրական փոփոխությունները, որոնք տարեց տարի էլ ավելի են ընդգծվում:
Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում Սահմանադրությունն իր կարևոր տեղը կունենա ոչ միայն մեր տոնացույցում, այլև հասարակության կյանքում:
Ի դեպ`ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը։ Դեռևս 1990թ. օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են. պատկերված է Արարատ լեռը՝ Նոյյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվեց Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիքը»։
Հայաստանում պետական խորհրդանիշների օրը  ընդունված է նշել հունիսի 15-ին, սակայն այս տարի այն կնշվի վաղը, Սահմանադրության օրվա հետ միասին:
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից 2010 թվականից իրականացվող տոնական քայլերթը ևս տեղի կունենա վաղը: Հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի տեղեկացմամբ`ն
ախաձեռնելով Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների  տոնի հանդիսավոր և համաժողովրդական արարողակարգի կազմակերպումը`իրենք նպատակ  ունեն հայ ժողովրդին և միջազգային հանրությանը նորովի ներկայացնել մեր պետական խորհրդանշանները, ակնածանք և խորը հարգանք ձևավորել հայկական պետականության կարևորագույն խորհրդանշանների նկատմամբ:
ՀՀ պետական խորհրդանշանների  տոնի կազմակերպման հիմնական սկզբունքը ժողովրդականության ապահովումն է: Տոնին պետք է մասնակցեն սոցիալական բոլոր խմբերի ներկայացուցիչները:
Հուլիսի 5-ը պետք է դառնա համընդհանուր տոնախմբություն` համախմբելով երիտասարդությանը, հոգևորականությանը, մշակույթի, սպորտի, գիտության և մյուս ոլորտների ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին, ասաց Պավել Սարգսյանը:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button