ԿարևորՀասարակություն

Ճաղերից այն կողմ կարող է հայտնվել յուրաքանչյուրը. եւ ՄԻՊ- ը, եւ կալանավորները բողոքում են դատարաններից

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչն այսօր այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որից հետո պաշտանի գրասենյակում հանդիպել են լրագրողների հետ։
Այս այցելությամբ ամփոփվել է այն ծրագիրը, որը նախորդ ամիսների ընթացքում իրականացրել  է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին կից գործող Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհուրդը  Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ:
Խումբն այցելել   և ուսումնասիրել է մոտ 133 փակ և կիսափակ հաստատություններ՝ արդյունքներն արձանագրելով միջանկյալ զեկույցում։
Հասարակությունները ազատազրկվածների հանդեպ վերաբերմունքով  են ցույց տալիս, թե որքան  են քաղաքակիրթ: Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչն ասում է, որ Մեծ Բրիտանիայում սա մի խնդիր է, որի նկատմամբ կրքոտ հետաքրորւթյուն կա:

Մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կարծում է, որ Հայաստանում  ազատազրկվածների ու նրանց խնդիրների նկատմամաբ հատուկ անտարբերություն կա։
«Մարդիկ այսօր անտարբեր են ճաղերից այն կողմ գտնվողների նկատմամբ՝ կարծելով, որ դա իրենց կամ իրենց հարազատներին չի վերաբերում: Բայց հավատացեք՝  դատական   համակարգի այսօրվա անկատարության պարագայում ճաղերից այն կողմ կարող է հայտնվել յուրաքանչյուրը»:
Իսկ այն հարցում, որ  դատապարտյալների նկատմամբ անտարբերություն կա,  օմբուդսմենին համոզում է  իրավիճակը: Նա արձանագրում է, որ խնդիրները, որոնց մասին խոսել են 2012-ին ու նաև դրանից առաջ, քրեակատարողական հիմնարկներում շարունակում են  անփոփոխ մնալ:
Թիվ մեկ խնդիրը, որը շարունակում է չլուծված մնալ  ու իր հետ բազմաթիվ հետևանքներ բերել, քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումն է: Դրանում  համոզվել են նաև այսօրվա այցելուցության ժամանակ։
«Մենք այսօր մի խցում էինք, որը 12 տեղանոց է, բայց այնտեղ 16 հոգի էին պահվում: Նրանցից 3-ը չկարողացան ողջունել տիկին դեսպանին, քանի որ այդ խցում մարդիկ հերթով են քնում, իսկ մեր այցելության ժամանակ նրանց քնելու հերթն էր»։
Գերբնակեցման հետևանքով քրեակատարողական հիմնարկներում կենցաղային անբավարար պայմաններ են, ինչը, ըստ օմբուդսմենի,  վերաբերում է ոչ միայն դատապարտյալների պահման, այլ նաև աշխատակազմի ծառայողական պայմաններին:
«Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկում շենքային պայմանները խնդրահարույց է համարում նաև Միացյալ Թագավորության դեսպանը։
Հիշեցնեմ, որ արդարադատության ոլորտի պատասխանատուները գերբնակեցման խնդրի լուծումն ուղղարկիորեն կապում են քրեակատարողական նոր հիմնարկի հետ, որը մասնակիորեն կառուցված է:  Միջազգային չափանիշներին համապատասխանող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, ըստ խոստումների,  այս տարվա աշնանն արդեն  պիտի կարողանա ընդունել առաջին 400 դատապարտյալների:
Իսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այն դատապարտյալները, ում հետ այսօր  հանդիպել են դեսպանն ու օմբուդսմնեը վատ վերաբերմունքի, խոշտանգումների մասին չեն հայտնել, բայց,  դեսպանի խոսքով, բոլոր հանդիպումներին  ներկա են եղել բանտային ադմինիստրացիայի ներկայացուցիչները, ինչը լավագույն վիճակը չէ անկեղծ զրույցներ ունենալու համար։
Կարեն Անդրեասյանի ամփոփմամբ ՝ ինքնախեղման դեպքերը քրեակատարողական հիմնարկներում ոչ թե  բանտային  ադմինիստրացիայի, այլ ընդհանուր համակարգի դեմ  ուղղված բողոքի ծայրահեղ քայլեր են:  Օմբուդսմենը կարծում է, որ խնդիրների հիմքում դատական համակարգի ընդհանուր անկատարությունն է:
«Մեր երկրում բողոքում են ոչ թե ադմինիստրացիայից, ինչպես բոլոր երկրներում է, այլ` դատական համակարգից: Մեզանում, ինչպես օմբուդսմենը, այնպես էլ կալանավորը բողոքում են վատ դատարաններից: Եվ այս վատ դատարաններից ես իրենց եմ պատմում, իրենք՝ ինձ։ Անարդարության զգացումը և ինքնախեղումը, կարծում եմ, վատ դատական համակարգի արդյունք է»։

Back to top button