Հայրիկյանը կանխատեսում է պատերազմ, Զուրաբյանը՝ հեղափոխություն


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ուկրաինան, Ռուսաստանն ու Իսրայելը այնպես են զինել Ադրբեջանին, որ պատերազմ սկսելու գայթակղությունն այս պահին չափազանց մեծացել է»,- ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն Ադրբեջանի կողմից սանձազերծվող պատերազմն ընդամենը ամիսների հարց է համարում, որը, ըստ նրա, հայկական դիվանագիտության կոպիտ սխալների հետևանքն է:
Հայրիկյանի խոսքով՝ Հայաստանը դեռևս 90-ականներին՝ անկախության վերականգնման առաջին պահից սկսած, աշխարհով մեկ պետք է հնչեցներ, որ Հայաստանն ուներ միջազգայինորեն ճանաչված տարածքներ, որոնք «կորցրել է բոլշեւիկյան օկուպացիայի հետեւանքով, դրանց 80 տոկոսը գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի տիրապետության տակ բոլշեւիկյան Ռուսաստանի հանցավոր աջակցությամբ։
Բայց ստալինյան սահմաններին Հայաստանն այդպես էլ չհակադրեց միջազգայնորեն ընդունված սահմանները: Իսկ այդ ընթացքում միջազգային հանրության առաջ Ադրբեջանը կերտում էր զոհի իր կերպարն ու այժմ աշխարհի պետությունների հիմնական մասի կողմից ընկալվում է անարդարացիորեն տուժած կողմ։
«Զոհի կերպարով ներկայացող Ադրբեջանն աշխարհին նախապատրաստել է արդարությունը նաև զենքի միջոցով վերականգնելու իր իրավունքում ու այժմ պարզապես հարմար առիթի է սպասում»,- ասում է Հյարիկյանը։
Եթե Պարույր Հայրիկյանը կանխատեսում է պատերազմ, ապա ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հայաստանում անխուսափելի է համարում ներքաղաքական ցնցումները: Այս դեպքում ժամկետներն ավելի հստակ են` աշնանը արաբական հեղափոխությունների շունչը կզգանք նաև Երևանում։
Ճգնաժամը, որ այսօր ստեղծվել է Հայաստանում, Լևոն Զուրաբյանը պայմանվորում է նրանով, որ իշխանական վերնախավն այլևս չի դիմանում ընդդիմության հետ առերեսմանը:
«ՀԱԿ-ն այսօր ոչ թե պարզապես ընդդիմություն է, այլ՝ դիմադրության շարժում, որի շնորհիվ հասրակական մեծ հնչեղություն ստացան օֆշորային պատմություններն ու Վերահսկիչ պալատի բացահայտումները»,-ասում է ՀԱԿ փոխնախագահն ու հավելում,- երբ իշխանությունը չի դիմանում ընդդիմության հետ առերեսմանը, առաջ է գալիս պատասխանատվության հարցը: Հենց այդ ժամանակ էլ սկսվում է քավության նոխազների փնտրտուքը»:
Լևոն Զուրաբյանի պնդմամբ՝ իշխանական վերնախավում այս պահին հենց դրանով էլ զբաղված են։