Հասարակություն

Կարմիր խաչն օգնում է կարկուտից տուժած արմավիրցիներին

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/07/040713armavir.mp3
Մարդասիրական առաքելությունից ելնենով Արմավիրի մարզի կարկտահարաված համայնքների տուժած գյուղացիական տնտեսություններին  առաջինն  օգնության ձեռք մեկնեց  հայկական կարմիր խաչի ընկերությունը, որը նախապես ուսումնասիրել էր բնական աղետից տուժած գյուղացիական տնտեսությունների վնասի չափերն ու դիմել  Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային  ֆեդերացիայի արտակարգ իրավիճակների արձագանքման հիմնադրամին 100 տոկոսով տուժած  14 համայնքի ավելի քան 7000 ընտանիքի մարդասիրական օգնություն տրամադրելու խնդրանքով։
Արդյունքում՝ շուրջ 100 մլն դրամ կամ 224 հազար 400 շվեյցարական ֆրանկ է տրամադրվել, որը սննդի ու հիգիենիկ պարագաների տեսքով հատկացվում է ամենախոցելի շահառուներին:
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ  Մխիթար  Մնացականյանը նշեց, որ իրենք առաջնորդվել են  այն ցուցակով, որը կազմել են միջազգային Կարմիր խաչի ընկերությունում, որտեղ նշված է բնակչության նվազագույն կարիքների համար անհրաժեշտ պարագաները:
Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը ներկայացրեց փաթեթի պարունակությունը` ձեթ, ոսպ, հնդկաձավար, խտացրած կաթ, պահածոյացված միս և այլ նպարեղեն ու հիգիենայի պարագաներ, յուրաքանչյուրը 20-25 կգ քաշով, մեկ ընտանիքին տրամադրվում է մինչև 45 կգ, իսկ բազմանդամներին՝ 200 կգ։
Մարդասիրական օգնությունից այսօր օգտվեցին Արևիկ, Մրգաշատ և Ալաշկերտ համայնքների շահառուները:  Արևիկում գյուղացիների կրած վնասը տարբեր չափերի է հասնում 70-100 տոկոս:
Հովհաննես Պոդոսյանի ընտանիքը 10 հոգուց է բաղկացած, որտեղ մեծանում է 4 անչափահաս երեխա, նրա մշակած սալորի և խաղողի այգիներն ու վարելահողերը, որտեղ պոլիէթիլենային թաղանթների տակ մշակել էր  բանջարեղեն,   զգալիորեն վնասվել են մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից: Տրամադրված մարդասիրական օգնությունը որոշ ժամանակահատվածում  կապահովի նրանց սնունդը։
Կարապետ Հովհաննիսյանի մշակած ցանքատարածքներից դարձյալ ոչինչ չի մնացել,  վնասի  չափն իր գնահատմամբ գրեթե 90 տոկոս է Աղետից հետո փորձել է վերականգնել ձմերուկի դաշտը՝ կրկնակի ցանքի տակ դնելով: Միջոցները ձեռք է բերել ոսկու գրավադրմամբ և չի օգտվել այն սերմերից, որոնք հատկացվել են պետական աջակցությամբ՝ պատճառաբանելով, որ դրանք շատ քիչ են եղել: Շահառուները գոհ են տրամադրված  մարդասիրական օգնությունից։
Արևիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը նույնպես  իր գոհունակությունն հայտնեց Կարմիր խաչի ընկերությանը, որը հետաքրքրվեց իրենց գյուղացիական տնտեսություններով և առաջինն օգնության ձեռք մեկնեց։
Համայնքի բնակիչները սպասում են նաև այլ օգնությունների, որոնք տրվելու են թե կառավարության և թե այլ կազմակերպությունների կողմից: Տուժած գյուղացիների մի մասն ընտանիքի ապրուստ հոգալու պայմանով արդեն մեկնել են արտագնա աշխատանքի, քանի որ հատկացված օգնությունները տարվա կտրվածքով ընտանիք պահելու համար շատ քիչ են:
Արմավիրի մարզի 46 կարկտահարված համայնքներում տուժել է 12800 ընտանիք, որի վնասի չափը մոտավոր հաշվարկով 25 մլրդ 268 մլն 56 հազար դրամի է հասել: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը  երախտիքի խոսքն ուղղեով  Կարմիր խաչի մարդասիրական օգնությանը՝ թվարկեց  նաև  կառավարության  աջակցությունը` զիջվել են հողի հարկերը, ոռոգման ջրի վարձերը, կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ և այլն:

Բնական աղետից տուժած համայնքների շահառու գյուղացիական տնտեսություններին կարմիր խաչի մարդասիրական օգնությունը կշարունակվի բաժանվել նաև առաջիկա օրերին, առայժմ նախատեսած 14 գյուղից  հատկացվել է 7-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button