«Կարինի» ղեկավարը կարեւորում է զբոսաշրջության ոչ թե ֆինանսական, այլ՝ գաղափարական ուղղվածությունը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Զբոսաշրջության զարգացման գործում ազգային մշակութային առանձնահատկության և կոլորիտի ներուժի գրավչության մասին է այսօր կայացած խոսել «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի հիմնադիր ղեկավար Գագիկ Գինոսյանը։
Նախևառաջ նա խոստովանեց, որ ինքն իրեն չի համարում զբոսաշրջության մասնագետ: Այնուամենայնիվ՝ իր անհանգստությունը հայտնեց ոլորտի աչքի ընկնող թերի կողմերի կապակցությամբ։
Ըստ արվեստագետի՝ զբոսաշրջության հիմքում առաջին հերթին պետք է դրված լինի ոչ թե ֆինանսական, այլ գաղափարական ուղղվածությունը: Այս առումով՝ դրամական շահույթ ստանալու առաջնահերթությունը կարող է միայն արջի ծառայություն մատուցել։
Գագիկ Գինոսյանը կարևորեց ազգային առանձնահատկությունների և կոլորիտի ներուժի օգտագործումը այս գործում, ինչը, ըստ նրա, ավելի կարևոր է, քան հյուրանոցային ենթակառուցվածքի հզոր զարգացումը:
Այս առումով՝ կարևոր դեր կարող է խաղալ ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացած գյուղական զբոսաշրջությունը, որտեղ հնարավոր է ներկայացնել նաև մեր ազգային ավանդույթները, երգերն ու պարերը:
Ազգային երգի ու պարի ժառանգության պահպանումը և ներկայացումը անգնահատելի դեր է խաղում մեր ինքնության պահպանման և այն օտարերկրյա հյուրերին ներկայացման, ինչպես նաև տարածման գործում:
Ինչպես նկատեց Գագիկ Գինոսյանը, մեր երկիրը բացի երգից ու պարից կարող է ներկայանալ և իր ճարտարապետական գոհարներով, որոնք ժամանակին գերել էին Լեոնարդո դա Վինչիին: