ԿարևորՄշակույթ

Այսօր սիրված դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգուն ծնվել է Գյումրիում 1930թ-ին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46թթ. սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947թ–ին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։

1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։ 1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ նա ստեղծել է հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։ Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։

Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։ Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվել է «Կովկասի գերուհին»,«Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։ Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի տուն — թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից։

Ցուցադրել ավելի
Back to top button