Հասարակություն

Սերունդներին ուղերձ՝ Սանկտ Պետերբուրգի «Երեւան» առեւտրի կենտրոնի հիմքում

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում  հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ:

«Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, և մենք  կարևորում ենք Երևանի հետ փոխգործակցության ընդլայնումը: Վստահեցնում եմ, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաև որպես գործընկեր քաղաք, և մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում: Համոզված եմ, որ Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում կանցնեն հավուր պատշաճի և մեկ անգամ ևս հնարավորություն կընձեռեն պետերբուրգցիներին՝ ավելի լիարժեք ծանոթանալու հայկական մշակույթին»,- նշել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետը:

Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ շեշտելով, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված առաջարկներն ու նախաձեռնությունները։
«Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում և, հաշվի առնելով ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված և արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք: Համոզված եմ նաև, որ մեր այս հանդիպումը գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը և Գեորգի Պոլտավչենկոյին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Երևանում:

Ի պատասխան հրավերի՝ Գեորգի Պոլտավչենկոն վստահեցրել է, որ արդեն այս աշնանը անպայման կայցելի Երևան և հույս հայտնել, որ այցի շրջանակում էլ ավելի կամրապնդվեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև կխթանվի  երկու քաղաքների փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համագործակցությունը:

Նկատի առնելով երկու քաղաքների պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ կողմերը պայմանավորվել են առավել խորացնել և ընդլայնել այս ուղղությամբ փորձի փոխանակումն ու խթանել զբոսաշրջության զարգացումը։

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ստորագրել են սերունդներին ուղղված համատեղ խորհրդանշական ուղերձ, որը կտեղադրվի Սանկտ Պետերբուրգում կառուցվելիք «Երևան» առևտրի տան հիմքում:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին է հանձնել «Երևան քաղաքի զինանշան» մեդալը, որով պարգևատրել էր գործընկեր քաղաք Սանկտ Պետերբուրգին:

Ցուցադրել ավելի
Back to top button