Քաղաքական

Սերժ Սարգսյանի ողջույնի խոսք է հղել երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներին

Հայաստանի և ՀՀ իշխանությունների համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է նախագահել Եվրոպայի խորհրդում. ՀՀ Ազգային ժողովում մեկնարկած «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովին ընթերցելով ՀՀ նախագահի ուղերձը ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

ՀՀ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում մենք նախաձեռնեցինք այս խորհրդաժողովի հրավիրումը` հատկապես կարևորելով հիմնախնդիրը, որն այս օրերին բոլոր մասնակիցների կողմից դառնալու է շահագրգիռ քննարկումների առարկա:

Այս վեցամսյա ժամանակահատվածը մենք ձգտելու ենք արժևորել այնպիսի նախաձեռնություններով, որոնք նոր խթան կդառնան եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացման ու ամրապնդման, իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործման համար:

Ժողովրդավարական զարգացումների անխուսափելի տրամաբանությունն էր, որ եվրոպական իրավական համակարգում իրավունքի գերակայության երաշխավորումը դարձավ անկյունաքարային արժեք: Եվրոպայի խորհրդի` 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված կանոնադրության 3-րդ հոդվածում միանշանակ սահմանվեց, որ Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է ընդունի իրավունքի գերակայության սկզբունքը:

Նման մոտեցումը նոր որակ հաղորդեց նաև միջազգային հարաբերությունների հետագա ծավալմանը` դրանց հիմքում դնելով արժեքային հստակ կողմնորոշիչ, որի համաձայն՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեք են: Իր հերթին՝ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

Սրանք նաև մեր երկրի Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրված դրույթներ են, որոնք կանխորոշում են անհատի ու պետական իշխանության վարքագիծն իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այլ կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը:

Հատկապես նոր ժողովրդավարության երկրների համար դա պահանջում է համակարգված ու հետևողական աշխատանք: Պահանջում է անկախ դատական համակարգի առկայություն և անաչառ արդարադատության իրականացում:

Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել և հետևողականորեն իրականացնում է մեծ հեռանկարների միտված ծրագրեր: Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, անխտրականությունը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը:

Համոզված եմ նաև, որ իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներին ու իշխանությունների հայեցողության սահմանների հիմնախնդիրներին նվիրված համաեվրոպական այս բացառիկ խորհրդաժողովը մնայուն ավանդ կբերի ինչպես մեր երկրում, այնպես էլ Եվրախորհրդի անդամ մյուս երկրներում առկա մարտահրավերների հաղթահարման, մարդկանց իրավունքների առավել արդյունավետ երաշխավորման, ապահովման ու պաշտպանության գործում:

Կրկին ողջունում եմ խորհրդաժողովի մասնակիցներին և մաղթում արդյունավետ ու արգասաբեր աշխատանք»։

 

Ցուցադրել ավելի
Back to top button