ԿարևորՔաղաքական

Հայաստանի պետական բյուջեն չի թալանվել և չէր էլ կարող թալանվել, ասում են նախարարները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Պետբյուջեի միջոցների մսխումների մասին ՀՀ վերահսկիչ պալատի աղմկահարույց հայտարարություններից հետո այսօր կառավարությունում շարունակվեցին տարբեր ոլորտների պատասխանատուների «արդարացում»- հաշվետվությունները, թե իրականում ինչի են ուղղվել իրենց վստահված ֆինանսական միջոցները, եւ ինչ արդյունավետությամբ են դրանք ծախսվել:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հայտարարեց` վերահսկիչի բացահատումների մի մասն իրենք ընդունել են, մի մասին առարկել ու դրա մասին անմիջապես տեղեկացրել Վերահսկիչ պալատ:
Ստուգումներն իր ղեկավարած գերատեսչությունում ընթացել են 3 ուղղությամբ` ֆինանսական, վարչարարական և ընթացակարգային ու մեթոդաբանական:
«Բոլոր դեպքերում տեղին չէ խոսել մեր ոլորտում չարաշահումների, յուրացումների, հափշտակությունների մասին: Ավելին` ԿԳՆ-ի աշխատանքը նույն Վերահկիչ պալատի նախագահի կողմից բարձր է գնահատվել»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նա չհերքեց` այո, հանրակրթական շատ դպրոցների ինտերնետով ապահովման սարքերն ուշ են տեղ հասել, սակայն փոխարենն իրենք խնայողություններ են ունեցել:
Դպրոցաշինության ոլորտում հավելագրումներ էլ են եղել, բայց խոսքը մի քանի հարյուր հազարից մինչեւ 1- 2 մլն դրամի մասին է. «ծանր» միլիոններ չեն եղել:
Աշակերտների հավելագրում էլ կա դպրոցներում, մանկապարտեզներում էլ թույլատրելիից ավելի են երեխա վերցնում: Սրա մասին էլ գիտեն նախարարությունում ու խոստանում են փորձել ավելի լրջորեն կանխել:

Աշոտյանը նաեւ փորձեց վստահեցնել, որ Վերահսկիչ պալատի հայտարարություններին կառավարությունում չհամաձայնվելն ամենեւին էլ ներկուսակցական ներքին հակասությունների հետեւանք չէ:
ՀՀԿ-ին առնչվող հարցերից այսօր խոսելը նա կոռեկտ չհամարեց, իսկ բյուջեն թալանված լինելու մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը հորդորեց պարզաբանում ստանալ հենց Աբրահամյանից:
Որ բյուջեն թալանված չէ ու չի էլ կարող լինել, իրենց հետագա ասուլիսների ժամանակ հայտարարեցին նաեւ աշխատանքի ու սոցիալական հարցերի եւ արտակարգ իրավիճակների նախարարները: Կենսաթոշակների ոլորտում չարաշահումների մասին վերահսկիչը չէր, որ խոսեց առաջինը, հիշեցրեց Արտեմ Ասատրյանն ու ընդգծեց` հենց իրենց կողմից խնդիրների բացահատումից ու ճշգրտումներից հետո շուրջ 7 մլրդ դրամի խնայողություն է արվել:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը թվարկեց այն ուղղությունները, որոնց ուղղված ծախսերի արդյունավետությունը Վերահսկիչ պալատը կասկածի տակ է առել:
«Կենսաթոշակների եւ նպաստների վճարման համակարգ, տարեցների խնամքի ծառայություններ, երեխաների շուրջօրյա խնամքի ծառայությունների գիշերօթիկ հաստատություններում»:
Արտեմ Ասատրյանն անկեղծացավ` նորություն չեն խախտումները ոչ պետգնումների համակարգում, ոչ էլ խնամքի կազմակերպման գործընթացներում: Միայն թե դրանց Ասատրյանը ոչ թե չարաշահում անունն է տալիս, այլ ընթացակարգային խախտում անվանումը: Վերջիններիս մի մասն էլ նախարարը պատճառաբանում է օրենսդրական խնդիրներով ու դրանց տարընթերցումներով: Այստեղ ընդունում են վերահսկիչի մեղադրանքները, սակայն վստահեցնում` դրանց իրենք ունեն պատասխան: Նաեւ շոյված են նույն վերահսկիչի գնահատականներից, որ շատ բան իրենց համակարգում բարեփոխվել է:
Իրենց աշխատանքին տրված բարձր գնահատականներից առաջին հերթին գերադասեց խոսել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարը: Նրանց մոտ ստուգումներն ընդգծված աղմկահարույց արդյունք չեն ունեցել։ սակայն Արմեն Երիցյանն անկեղծացավ, որ այն մեծ ծավալի աշխատանքի մեջ, որ իրենք են անում, հնարավոր են նաեւ այդպիսիք:
Այս նախարարն էլ միացավ մյուս նախարարների հայտարարությանը` բյուջեն չի թալանվել և չէր կարող թալանվել:
«Մեր ամենօրյա աշխատանքը գտնվում է ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում: Գտնում եմ` բոլոր նախարարները գտնվում են իրենց տեղում և ունեն պետական մտածելակերպ, այնպես որ թալան չեմ կարծում, որ կարող է լինել»:
Արդյո՞ք Վերահսկիչ պալատի բացահայտումների բազմակողմանի հերքումները չեն նշանակում, որ Իշխան Զաքարյանի պաշտոնանկ լինելու ժամանակն է:
Լրագրողների այս հարցին նախարարները պատասխանեցին, որ հարկ է դեռ սպասել համապատասխան իրավական կառույցների գնահատականներին, իսկ Աշոտյանը հավելեց` եթե այդ ժամանակը գա, երկրի ղեկավարի թափանցիկ ակնարկը չի ուշանա:

Ցուցադրել ավելի
Back to top button