ԿարևորՀասարակություն

Երեխայի դեմ բռնությունը Հայաստանում տարածված է, հատուկ կրթական հաստատություններում՝ ավելի շատ

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգը դեռևս լիովին կայացած չէ, ունի ռեսուրսների լուրջ պակաս, որով էլ պայմանավորված է երեխաների իրավունքների ոչ լիարժեք պաշտպանությունը երկրում։ Հատկապես ուշադրության կարիք են զգում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները:
Այդուհանդերձ՝ քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն ընդունված և փորձարկված են ընտանեկան խնամքի ամենատարբեր մոդելներ, որոնք ունեն թե սոցիալական, թե տնտեսական առումով առավել բարձր արդյունավետություն:
Այն, որ երեխան ապրելով ընտանեկան միջավայրում ձեռք է բերում մի շարք սոցիալական արժեքներ և կյանքի հմտություններ, ինչից նա զրկված է գիշերօթիկ հաստատություններում խնամվելիս, անժխտելի է:
Պարզելու համար, թե ինչ իրավիճակ է տիրում աշխատանքի և սոցիալական հարցերի ու տարածքային կառավարման նախարարությունների ենթակայության տակ գտնվող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական և խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, համապատասխան մշտադիտարկման խումբը 2012 թվականի ապրիլի 15-ից հուլսի 15-ը այցելել է մի շարք հաստատություններ` տեղում պարզելու ընդհանուր մթնոլորտը, ձեռքբերումներն ու խախտումները:
Ներկայացնելով մշտադիտարկման արդյուքները` մշտադիտարկման ծրագրի ղեկավար Վարուժան Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրությունների ժամանակ երեխաների իրավունքների հետ կապված խախտումներ միշտ էլ լինում են, որոնք մշտադիտարկումներից հետո ինչ- որ չափով շտկվում են, սակայն կան շատ ավելի լուրջ խնդիրներ, որոնք մնում են չլուծված։
«Շտկված խնդիրները հիմնականում կենցաղային բնույթի են, իսկ եթե խնդիրը վերաբերում է երեխաների իրավունքների խախտումներին, առողջապահական խնդիրներին, դրանք դեռևս շարունակում են գոյատևել: Երեխաների առողջության հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ հատուկ հաստատություններում գտնվող երեխաներն ովքեր անմիջական  կարիք ունեն վերականգնողական բուժման, դրանից չեն օգտվում»։

Վերականգնողական բուժում չստանալու ամենապարզ պատճառը տվյալ հաստատություններում  վերականգնողական համապատասխան սենյակների ու մասնագետների բացակայությունն է:
Փաստ է նաև, որ հաստատություններում երեխայի բռնության ենթարկվելու վտանգը շատ ավելի մեծ է, քան՝ ընտանիքում ապրող երեխայինը:
Ընդհանրապես՝  երեխաների հանդեպ բռնության դեպքերը բավականին տարածված են Հայաստանում, պարզապես՝ տվյալ հաստատություններում երեխաները դառնում են կրկնակի խոցելի` հասարակությունից մեկուսացված լինելու պատճառով, նկատեց «
Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյանի ներկայացուցիչ Աննա Հարությունյանը։
Ներկայացնելով կոնկրետ օրինակներ՝ նա նշեց, որ անհնար է ներկայացնել կոնկրետ վիճակագրություն, քանի որ եղել է հաստատություն, որտեղ հարցված 10 երեխաներից 10-ն էլ հաստատել են իրենց հանդեպ բռնության դեպքերը։

«Օրինակ՝ խնամքի թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում 9-ամյա երեխա էր փախել՝ պատճառաբանելով, թե իրեն ծեծում են: Մենք գնացինք այդ դեպքի հետքերով և, իրոք, որ երեխային հարցրել ենք, բոլորը միաբերան պնդել են, որ իրենց հանդեպ կիրառվում են ֆիզիկական պատիժ և հոգեբանական ճնշումներ: Դիլիջանի խնամքի կենտրոնում էլ հայտնաբերվել էր տարօրինակ սենյակ, որը փակ էր և մեզ ասում էին դա պահեստ է: Իհարկե՝ բացվեց այդ սենյակը ու ոչ թե այն պահետ էր, այլ այնտեղ կային ներքնակներ, իսկ պատերին գրություններ, ասենք. «Եթե ես այստեղից դուրս գամ, ինչ որ մեկին կսպանեմ, կծեծեմ»։  Այսինքն՝ դրանք փաստեր են, որ երեխաների հանդեպ կիրառվում են բռնություններ, այդ թվում՝ երեխաներին սենյակում փակելու տեսքով: Իսկ ամենակասկածելին այն է, որ եթե երեխան ասում է, որ իր հանդեպ բռնություն է կիրառվել, նա դեռ պետք է դա ապացուցի: Այ սա ամենասխալ և ամենավատ մոտեցումն է: Երեխան ոստիկան չէ, որ ինչ որ բան ապացուցի, դրա համար կան համապատասխան մարմիններ»,- ասում է Աննա Հարությունյանը։
Օրինակները շատ են և ամենատարբեր բնույթի, հետևաբար՝ մշտադիտարկում իրականացնող խումբը գտնում է, որ  մոտ 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար, որտեղ դեռևս կան ամուր ընտանեկան և ազգային ավանդույթներ, 10 մանկատուն, խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն և 23 հատուկ դպրոց ունենալը և դրանցում ավելի քան 4000 երեխաներ ներգրավելը պարզապես անընդունելի է:

Ցուցադրել ավելի
Back to top button