ԿարևորՀասարակություն

Դրական միավորներ ստացած, բայց ԲՈՒՀ չընդունված դիմորդները կարող են մասնակցել երկրորդ փուլին

Դրական միավորներ ստացած այն դիմորդները, ովքեր առաջին փուլի արդյունքում չեն ընդունվի իրենց հայտին համապատասխան որևէ մասնագիտությամբ, հնարավորություն կունենան առաջին փուլի ամփոփումից հետո՝ հուլիսի 15-ին, նոր հայտ ներկայացնել՝ երկրորդ փուլին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանրապետական ընդունող հանձնաժողովի գումարած նիստում:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարը նաև ռեկտորներին առաջարկել է համապատասխան առաջարկություններ ներկայացնել՝ բուհական մասնագիտությունների խոշորացման հետ կապված:  «Հայտնի է, որ UNESCO –ն մշակել է նոր մասնագիտություների դասակարգիչ, որը դրվելու է նաև Հայաստանի բուհերի մասնագիտությունների ցանկի հիմքում, քանի որ մեր երկիրը գնում է համադրելի և ճանաչելի կրթական համակարգ կառուցելու ուղղությամբ»,-ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ բուհական ընդունելության քննությունների ցանկի վերանայման հարցով ևս բուհերի ղեկավարները պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեն:

Արմեն Աշոտյանը նաև ներկաներին տեղեկացրել է, որ պատրաստվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների համապատասխան փաթեթ, որը կուղարկվի բուհերին՝ կարծիք հայտնելու համար:

Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, ով հիմնականում ներկայացրել է քննությունների առաջին փուլի արդյունքները: Ըստ այդմ՝ քննությունները կազմակերպվել են 36 քննական կենտրոններում, որոնցից 11-ը՝ Երևանում: Առաջին փուլին մասնակցած դիմորդների ընդհանուր թիվը 14345 է, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է: Ըստ ԳԹԿ տնօրենի՝ դա ունի մի քանի պատճառ, մասնավորապես, ավելացել է միջին մասնագիտական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, ինչպես նաև հեռակա ուսուցման և արտասահ մանյան բուհեր ընդունվողների քանակը: Հիվանդության պատճառով քննությունն ընդհատել է 5 դիմորդ, հեռացվել է 3-ը: Բողոքարկումների ընդհանուր թիվը 379 է, որից բավարարվել է 94-ը:

Back to top button