Միջազգային

Դետեկտիվ ժանրի կրքեր Էդվարդ Սնոուդենի և Էվո Մորալեսի շուրջ

Մորալեսին ճանապարհ տվեցին

Իսպանիան այսօր թույլ է տվել Բոլիվիայի նախագահական օդանավի թռիչքն իր տարածքով, ավելի վաղ՝ այն Ռուսաստանից  Բոլիվիա ճանապարհին հարկադիր վայրէջք է կատարել Վիենայում։

Եվրոպացիները կասկածում էին, որ  նախագահական ինքնաթիռում է ամերիկյան հատուկ ծառայությունների փախուստի մեջ գտնվող նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։
Ավստրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Բոլիվիայի նախագահի ինքնաթիռում Սնոուդենին չեն հայտնաբերել։
Մի շարք երկրներ՝ Ֆրանսիան, Պորտուգալիան, Իտալիան այսօր փակել են իրենց օդային տարածքը Մորալեսի օդանավի համար: Բոլիվիայի արտգործնախարարը հայտարարել է,. որ տեղի ունեցածում ակնհայտ երևում է ամերիկյան պետդեպարտամենտի ձեռագիրը, և առաջարկել է նախագահի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի առիթով անգամ հրավիրել Լատինական Ամերիկայի երկների առաջնորդների արտահերթ հանդիպում:
Հիշեցնենք, որ Բոլիվիան, ինչպես նաև Չինաստանը, Կուբան, Էկվադորը, Գերմանիան և Նիդերլանդները քննարկում են Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը:

Որտե՞ղ է Սնոուդենը
Հիշեցնենք, որ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տեխնիկական աշխատակիցը համաշխարհային ճանաչում է ստացել  մայիսին՝ ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնալսումների մասին տեղեկությունների հրապարակումից հետո, հունիսի 23-ից նա Հոնկոնգից ժամանել էր Մոսկվա, 10 օր անցկացրել «Շերեմետյեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում:
Այժմ նրա գտնվելու ստույգ վայրը հայտնի չէ: Այսօր և Բոլիվիայի, և Ավստրիայի նախագահները լրագրողների հարցին  ի վերջո որտեղ է այժմ Էդվարդ Սնոուդենը խուսանավող պատասխան են տվել:

ԵՄ- ԱՄՆ օրակարգը վերանայվում է
Սնոուդենի աղմկահարույց  բացահայտումները խմբագրում են Եվրամիության հետ ԱՄՆ հարաբերությունների օրակարգը. Վաշինգտոնում գտնվող եվրոպական դեպանությունների գաղտնալսման մասին հրապարակումներից հետո Ֆրանսիան մտադիր է ժամանակավորապես դադարեցնել Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունները:
Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել «Մեծ ութի» գագաթաժողովի շրջանակներում և Մեծ Բրիտաիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի կողմից բնութագրվել որպես երկկողմ հարաբերությունների պատմության մեծ ամենախոշոր առևտրային համաձայնագիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button