ԿարևորՄիջազգային

Դադարեցնել Հոմսի ռմբակոծությունները. Պան Գի Մունի կոչը՝ Սիրիայի իշխանություններին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այսօր կոչ է արել Սիրիայի իշխանություններին դադարեցնել Հոմս քաղաքում ապստամբների դեմ իրականացվող լայնածավալ ռազմական գործողությունները, որի ժամանակ օդանավեր և տանկեր են կիրառվում: Առկա տվյալների համաձայն՝ ռազմական գործողությունների պատճառով շուրջ 2,5 հազար մարդ չի կարողանում հեռանալ քաղաքից, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: «Ես կոչ եմ անում Սիրիայի կառավարությանը հարգել մարդու իրավունքները և դադարեցնել ռազմական գործողությունները», — հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռեյկյավիկում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ նրա պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն Հոմսում պատերազմող կողմերին կոչ է արել խուսափել խաղաղ բնակիչների շրջանում զոհերից և հնարավորություն տալ նրանց հեռանալ քաղաքից՝ առանց հետապնդվելու վտանգի:

Վերջին օրերին կառավարական բանակը հարձակումներ է իրականացնում Հոմս քաղաքում և դրա շրջակայքում, որը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո: Գործընթացին ներգրավված է ռազմական օդուժ, տանկեր, այլ ծանր ռազմական տեխնիկա: Ռազմական գործողությունները կոշտ քննադատության են ենթարկվել Վաշինգտոնի կողմից, որը ևս կոչ է արել կառավարությանը դադարեցնել հարձակումները խաղաղ քաղաքացիների վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button