ԿարևորՔաղաքական

Վստահության ճգնաժամն ավելի է խորանում. ամերիկացի վերլուծաբանը ԼՂ խնդրի մասին

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

«Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը վերահրատարակել  է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին 2003-ին գրած գիրքը: Ամերիկացի վերլուծաբանի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» հետազոտությունը կազմվել էր հակամարտության տարիների լուսաբանման, կողմերի ներկայացուցիչների հետ հարցազրույցների, նաև  արխիվային նյութերի  հիման վրա:
2003-ին ներկայացվածի և այսօր ներկայացվողի միջև մեծ տարբերություններ չկան, ասում է հեղինակը՝ խոսելով  գրքի  10 տարի անց կրկին անդրադառնալու իր որոշման մասին։
«
Ես որոշեցի ներկայացնել վերախմբագրված տարբերակը նախ և առաջ այն պատճառով, որ այս հակամարտության մասին շատ աղքատիկ  գրականություն կա»:
Կմախքը մնացել է նույնը, արվել են որոշ շտկումներ, ավելացել է երեք նոր գլուխ, որոնք  դեպքերի ժամանակագրությունը ներկայացնում են մինչև 2013-ը, նաև   լուսանկարներ են ավելացել, որոնք չեն օգտագործվել նախորդ հրատարակության մեջ։
Ինչ վերաբերում է հակամարտությանը, ապա, ըստ Վաալի, այս տասը տարիների ընթացքում շատ բան է փոխվել, բայց գլխավորը չի փոխվել։
«Հակամարտությունը նույն կետում է, գլխավոր խնդիրը մնում է չլուծված, իսկ վստահության ճգնաժամն ավելի է խորանում: Կարելի է ասել ՝ հակամարտության շուրջը շատ բան է փոխվում, բայց բուն կոֆլիկտը չի լուծվում, իրավիճակն անգամ վատթարանում է»:
2003-ին հրատարակվելուց, ապա հայերեն, ադրբեջաներեն ու ռուսերեն թարգմանվելուց հետո գիրքը տարբեր արձագանքների արժանացավ, քննադատվեց թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Հեղինակը չի կարծում, թե իր հետազոտությունն ինչ-որ կերպ օգնել է հակամարտության կարգավորմանը, բայց հույս ունի, որ  այն օգնել է խնդիրը հասկանալուն և ըմբռնելուն։
Վաալն ասում է, թե այս գրքով փորձել է հերքել որոշ առասպելներ, փորձել է  երրորդ կողմի դիրքերից ցույց տալ, թե  ինչ է տեղի ունեցել հակամարտության ընթացքում:
Հիշեցնեմ, որ հետազոտությունը կազմվել է հակամարտության  տարիների լուսաբանման,  հարցի ուսումնասիրման մոտ տասնամյա աշխատանքի, տարածաշրջանում, Մոսկվայում և Վաշինգտոնում արված  ավելի քան 120 հարցազրույցի և արխիվային նյութերի  հիման վրա:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը գրքի վերախմբագրված տարբերակին դեռ չի ծանոթացել, բայց կասկած չունի , որ նոր ավելացած գլուխները Ադրբեջանում նորից պրոհայկական, իսկ Հայաստանում՝ պրոադրբեջանական կհամարվեն:  Անկախ դրանից ՝ հետազոտությունը նա արժեքավոր է համարում. նախ և առաջ այն պատճառով, որ այն պատմում է հակամարտության մասին:
Իսկ կոնֆլիկտների մասին պետք է խոսել, պետք է փորձել  ներկայացնել դրանք չեզոք դիրքերից: Ըստ Իսկանդարյանի՝ մեծ է հատկապես անգլերեն տարբերակի  կարևորությունը:
«Թոմի գիրքը օգտակար է: Դա չի նշանակում,  որ   ես թերություններ չեմ տեսնում, բայց եթե լինեին եւս 40 գրքեր, մենք կքննարկեինք, թե  դրանցից որն  է լավը  ու որը վատ, բայց, ցավոք, այդ գրքերը չկան»:
Անդրադառնալով  Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու եւ ներում շնորհելու մասին հարցին՝ Թոմաս դը Վաալը նկատեց,  որ իր տպավորությամբ Սաֆարովը ոչ բոլոր ադրբեջանցիների համար է ազգային հերոս։
«Գիտեմ մարդկանց, ովքեր սարսափի մեջ էին տեղի ունեցածից »,- ասաց վերլուծաբանը:  Նա  կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները եւս ավելի ուշ, բայց գիտակցեցին , որ սխալ են վարվել:
Խոսելով Ադրբեջանում հասարակական տրամադրությունների մասին ՝ փորձագետը նկատեց, որ ղարաբաղյան թեման որպես կանոն «զրույցների ոչ առաջին, որ երկրորդ, և նույնիսկ ոչ էլ հինգերորդ թեման չէ»:
«Ես չէի ասի, թե Ադրբեջանի հասարակության մեջ եռում է Ղարաբաղի թեման ու ժողովուրդը սպասում է պատերազմի: Բայց միևույմ  ժամանակ երիտասրադ սերունդն ավելի ագրեսիվ է, քան՝ նրանց հայրերն ու պապերը»:
Ի դեպ՝ Վաալը կարծում է, որ հայերի մեջ նույնպես ագրեսիա կա, այն սակայն պասիվ կամ սառեցված վիճակում է: Ըստ նրա՝ այս կոնֆլիկտի պարադոքսը հենց նրանում է, որ շատ էմոցիա ու  ագրեսիա կա, բայց սթափ ու չոր հայացքի  դեպքում իրականում լուծվող խնդիր է:
Եթե հակամարտության կողմերը լիներին   շվեդներն ու  ֆինները, հակամարտությունը , ըստ ամերիկացի փորձագետի,  շատ ավելի հեշտ կլուծվեր:

Back to top button