ՓՄՁ զարգացման համար լուրջ ներուժ ունենք


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Փոքր և միջին ձեռնարկությունները զարգացնելու համար էկոնոմիկայի նախարարությունը պետք է զբաղվի արտաքին առեւտրով, կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Արձանագրելով, որ տարեկան 4 մլրդ 200 մլն դոլարի ապրանք ենք ներմուծում, ըստ նրա, եթե դրա 20 տոկոսը ներմուծի պետությունը և ունենա առևտրային կապիտալ, ապա տարեկան կունենանք 100 միլիոն դոլար, որն էլ կներդրվի տնտեսության որոշ ճյուղերի զարգացման համար։Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ նշում է, որ Հայաստանում փոքր և միջին բիզնեսը մինչ այսօր էական առաջընթաց չի գրանցել։
2013 թվականի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 880 փոքր ձեռնարկություն, որտեղ աշխատում է 14 հազար 100 մարդ, իսկ գրանցված 93 միջին ձեռնարկություններում աշխատում է 6780 մարդ: Սաֆարյանի խոսքով՝ այս տարի փոքր ձեռնարկությունների արտադրանքի ծավալը կազմել է 25 միլիարդ դրամ, իսկ միջին ձեռնարկություններինը` 12.5 միլիարդ։
Մեր կառավարությունը խնդիր է դրել, որպեսզի ունիվերսալ վարկային կազմակերպությունն արդյունաբերական գործառույթ իրականացնողներին տրամադրի վարկեր` 11-12 տոկոսով։ Սակայն այս սուբսիդավորման տոկոսադրույքը, Սաֆարյանի կարծիքով, էլ ավելի պետք է իջեցվի, որպեզի դաշտում աշխուժություն նկատվի: Արտահանման ոլորտում աճ ենք գրանցել, դրան զուգահեռ նվազում է արձանագրվել ներմուծման ոլորտում:
Երեք ամիսների ընթացքում մենք ներմուծել ենք 1,6 միլիարդ դոլարի, արտահանել 561 միլիոն դոլարի ապրանք: Փոքր և միջին բիզնեսի ոլորտը կարգավորելու համար մենք լուրջ ռեզերվներ ունենք, ասում է Սաֆարյանն ու հավելում, որ կարող ենք զարգացնել թեթև արդյունաբերությունը` տրիկոտաժի, կաշվի հումքի, և բրդի արտադրության ոլորտները:
Ըստ նրա՝ եթե մենք տարեկան 3500- 4000 տոննա կաշի ենք արտահանում Թուրքիա, Չինաստան և Վրաստան, ապա կարող ենք կաշվի հումքը պահել և մշակել տեղում և դրա վրա էլ զարգացնել կոշիկի արտադրությունը:
Հայաստանում տարեկան 10 միլիոն զույգ կոշիկ է ներմուծվում, դրա 5 միլիոնը կարելի է տեղում արտադրել, որն էլ, Սաֆարյանի կարծիքով, կապահովի 3000 նոր աշխատատեղ:
Բանախոսը բարձրաձայնում է, որ այս խնդիրը պետք է լինի կառավարության ուշադրության կենտրոնում։ Այսօր Հայաստանում 4000 տոննա բուրդ կա, որը չի իրացվել, իսկ տարեկան հավաքվում է 1000 տոննա բուրդ։
Սակայն տնտեսության գլոբալ զարգացման համար ահնրաժեշտ է ունենալ հզոր արդյունաբերություն, կարծում է Հարենական ապրանք արտադրողների միության նախագահը։