Ռուսաստանը հասկանում է՝ պետք է պահպանել ռազմատեխնիկական հավասարակշռությունը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ռուսատանը փաստացի անում է այն, ինչ արել է վերջին տասնամյակի ընթացքում: Որևէ նոր բան մենք չենք տեսնում»,- քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր այսպես է մեկնաբանել Ադրբեջանին մոտ մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկա վաճառելու Ռուսատանի վերջերս կայցրած որոշումը։
Այդուհանդերձ՝ քաղաքագետի մեկնաբանմամբ՝ Ռուսաստանը հասկանում է, որ պետք է պահպանել ռազմատեխնիկական հավասարակշռությունը, հակառակ դեպքում տարածաշրջանում կարող են տեղի ունենալ անցանկալի իրադարձություններ, որոնցում Ռուսաստանը ստիպված կլինի եթե ոչ ներգրավվել, ապա գոնե քաղաքական լուրջ որոշումներ կայացնել։
Չնայած Ռուսառտանը Ադրբեջանին վաճառել է մեծ քանակությամբ զինամթերք, սակայն չի շտապում դրանք տրամադրել և գործընթացը կտևի մեկ-երկու տարի, ասում է Սերգեյ Մինասյանը, որը համոզված է՝ Ռուսաստանի կողմից սա ևս հավասարակշռությունը պահպանելու որոշակի մոտեցումներից մեկն է։
Անվտանգության պահպանման տեսանկյունից ՀԱՊԿ անդամակցությունը ևս Հայաստանի համար լրացուցիչ լծակ է:
Քաղաքագետի մեկնաբանմամբ՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում ռազմական գործողություններն Արցախի տարածքով սահմանափակվել չեն կարող: Ռազմական տրամաբանությամբ՝ դրանք անխուսափելիորեն կընդգրկեն նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ինչը ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակում որոշակի հետևանքներ է ենթադրում։