Մարզական իրադարձությունների հանդեպ ուշադրության պակասը արտացոլում է սպորտի առկա վիճակը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Այսօր մարզական լրագրողները նշում են իրենց մասնագիտական տոնը: Այն նշվում է 1995 թվականից Մարզական մամուլի միջազգային միավորման նախաձեռնությամբ: Կազմակերպությունը հիմնվել 1924 թվականի հոլիսի 2-ին և միավորում է 155 երկրների ազգային կառույցները:
Ժամանակակից մարզական լրագրությունը մեր երկրում դեռևս ձևավորման փուլում է, փաստում է armsport.am կայքի գլխավոր խմբագիր Արթուր Նազարյանը: Ի տարբերություն նախկին տարիների՝ այն այսօր ավելի դինամիկ է և օպերատիվ,՝ շնորհիվ տեղեկատվական տեխնելոգիաների կիրառման, նշեց նա:
Այս առումով հիմնական խնդիր է համարվում կադրերի պակասը, ինչը կապված է սպորտի հանդեպ հասարակության վերաբերմունքի հետ: Մարզական իրադարձությունների հանդեպ ուշադրության պակասը արտացոլում է սպորտի առկա վիճակը, փաստում է մարզական լրագրող Դավիթ Ջալալյանը:
Մեր երկրում մարզական լրագրությունը ներկայանում է հիմնականում միջազգային և օտարերկրյա առաջնությունների մասին պատմող տեղեկատվությամբ` եղած պահանջարկին համապատասխան:
Մարզական լրագրությանը պակասում է և վերլուծությունը, ինչը թույլ կտար սպորտը ճանաչել ոչ միայն մարզական արդյունքներով, նկատեց armsport.am կայքի գլխավոր խմբագիրը։
Մյուս կողմից մարզական ֆեդերացիաներից շատերը չունեն մամուլի հետ պատասխանատուներ, ինչը բացասական է ազդում այս կամ այն մարզաձևի պատշաճ լուսաբանմանը լրատվամիջոցների կողմից:
Ինչևէ՝ այսօր մարզական անցուդարձի ուշադրության կենտրոնում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբի հնարավոր փոփոխությունն է:
«Հենրիխ Մխիթարյանը ներկայումս չի ցանկանում շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Առաջին անգամ հայ ֆուտբոլիստը կարող է հայտնվել եվրոպական թոփ-առաջնությունում»,- ստեղծված իրավիճակի մասին ասաց Արթուր Նազարյանը: