ԿարևորՀասարակություն

Կրթությունը դառնում է աղքատության դեմ պայքարի միջոց, կարծում է ԿԳ նախարարը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Կրթությունը դարձել է աշխատանքի տեղավորման լուրջ երաշխիք, և քոլեջների շրջանավարտներն այսօր ավելի հեշտ են ընդունվում աշխատանքի իրենց մասնագիտությամբ: Սա արձանագրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա ակնհայտ է համարում, որ կրթությունն աստիճանաբար դառնում է նաև աղքատության դեմ պայքարի լավագույն միջոցը՝ երիտասարդների ապագայի համար ստեղծելով պայմաններ:
Նախարարը համոզված է, որ իրենց ոչ փոքր դերն են կատարել նաև մի շարք փոփոխություններ, որոնց Արմեն Աշոտյանը վստահաբար բարեփոխումներ անունն է տալիս: Վերջիններից նա առանձնացնում է հատկապես այն, որ մասնագիտական կրթության ոլորտում վերացվել են ընդունելության քննությունները, և ուսանողներն ատեստատի միջին գնահատականներով կարող են ընդունվել իրենց նախընտրած մասնագիտությամբ:
Երկրորդ՝ ծնողները և ուսանողներն ավելի բծախնդիր են դարձել, իսկ միջին մասնագիտական կրթությունը` ավելի պահանջված. շատ տեղերում առկա է  մրցութային իրավիճակ՝ շնորհիվ նաև ՀՀ կառավարության այն որոշման, որով 50 տոկոսով ավելացվել է անվճար տեղերի քանակը:
Փաստորեն՝ բարձրագույն կրթությամբ գործազուրկների փորձը նկատի առնելով` շատերն արդեն միջին մասնագիտական կրթությունը գերադասում են այն մասնագիտություններից, որոնք իրենցը չեն ու չեն էլ դառնա: Աշոտյանն այսօր չխուսափեց նաև առկա խնդիրներից խոսել, որոնք արծարծվել են  «Աշխատաշուկայում  նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի 2010-2011թթ. շրջանավարտների ներգրավվածության մասին» հետազոտության մեջ:
Մասնագիտական ոլորտում հիմնական խնդիրները միմյանց հերթ չեն տալիս: Դրանց շարքում առաջնահերթն ուսանողների սոցիալական վիճակի բարելավումն է սոցիալական տարաբնույթ ծառայությունների տրամադրման միջոցով:
Երկրորդը՝ կրթություն-աշխատաշուկա թերի կայացած կապն է: «Ցավոք, ոչ բոլոր գործատուներն են կրթությունը դիտարկում առաջնահերթ, և բիզնես մշակույթը դեռևս Հայաստանում կայացած չէ»,-նկատում է Աշոտյանը:
Հաջորդ խնդիրը վերաբերում է քոլեջների նյութատեխնիկական բազայի բարելավմանը. վերջին  2-3 տարիների ընթացքում 30-ից ավելի քոլեջներ բարեկարգվել են նաև միջազգային գործընկերների օգնությամբ, սակայն դա էլ դեռ հարցի սպառիչ լուծում չէ:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆի Կեմխաձեի փոխանցմամբ` քոլեջների շրջանավարտների մոտ 55 տոկոսը նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ ավարտելուց հետո աշխատանք է գտնում դեռ այն  փնտրելու առաջին 6 ամսվա ընթացքում, միայն թե հարկ է հստակ գնահատել սեփական ունակություննե’ը եւ ճիշտ կողմնորոշվել  մասնագիտության հարցում: 

Ցուցադրել ավելի
Back to top button