ԿարևորՄշակույթ

Խաչատրյանական հոբելյանական մեկնարկը՝ Լոս Անջելեսում

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Լոս Անջելեսի հայտնի Disney համերգային սրահում գալա-համերգով տրվեց Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա մեկնարկը: Այն ենթադրում է մեծ կոմպոզիտորին նվիրված մշակութային միջոցառումների շարք, որոնք մինչեւ տարեվերջ կկազմակերպվեն Լոս Անջելեսի հայտնի սրահներում։
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ կազմակերպված գալա-համերգին ներկա էին Լոս Անջելեսի  ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի հայտնի մենակատարներ, «Դիլիջան կամերային» նվագախումբը, ԱՄՆ արևմտյան ափի երաժշտասեր հասարակության և հայ համայնքի ներկայացուցիչներ:  

Գալա-համերգի հյուրերին ներկայացվեցին աշխարհահռչակ կմպոզիտորի հայտնի ստեղծագործություններից, ցուցադրվեցին կոմպոզիտորի գործուներությունը ներկայացնող` 50-70-ական թվականների  արխիվային կադրեր, այդ թվում նաև` Արամ Խաչատրյանի` 1974 թվականին Լոս Անջելես կատարած այցի տեսաժապավենը:
Գալա-համերգին հրավիրված էին նաև այն գործիչները, ովքեր կազմակերպել էին կոմպոզիտորի այցը Լոս Անջելես:
Երեկոյի ընթացքում հայտարարվեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի ստեղծման մասին, որը սատարելու է հայ երաժիշտներին՝ աջակցելով հայկական դասական երաժշտությունն աշխարհին ներկայացնելու գործում:
Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված մշակութային հաջորդ ձեռնարկը տեղի կունենա Հոլիվուդյան կինոթատրոններից մեկում, հայտնի Եգիպտական թատրոնում կցուցադրվի «Կուն» պրոդյուսերական կենտրոնի «Արամ Խաչատրյան» ֆիլմը` օտար հանդիսատեսի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Հատկանշական է, որ փաստավավերագրական ֆիլմը երկու տարի առաջ արժանացել է «Բևեռլի Հիլզ» կինոփառատոնի առաջին մրցանակին:
Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա մեկնարկի առիթով Լոս Անջելեսում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Հարավային Կալիֆորնիայի համալսարանում նախօրեին նա հանդես եկավ դասախոսությամբ. ներկայացրեց մեծ կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործությունը:
Առաջիկա ամիսներին ամերիկյան երաժշտասեր հասարակությանը կներկայացվի նաև Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը` Լոս Անջելեսի հեղինակավոր սրահներից մեկում:

Back to top button