ԿարևորՀասարակություն

«ՏաԹեւերը» սպասում է 150 հազարերորդ այցելուին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Աշխարհի ամենաերկար` «ՏաԹեւեր» ճոպանուղին հունիսի 1-ից անցել է աշխատանքի ամառային ռեժիմի: Ամռանը ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 20:15: Ինչպես եւ նախկինում` կանոնավոր ուղեւորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր` բացառությամբ երկուշաբթի օրվա:
Որոտանի հսկա կիրճը մեքենայով կտրելու ու Հալիձորից Տաթեւ գյուղ հասնելու  40 րոպեի փոխարեն «Տաթեւեր» ճոպանուղին այն կտրում է ընդամենը 10-11 րոպեում: Ճոպանուղին մասնագետները համարում են աշխարհի ամենաանվտանգ փոխադրամիջոցը: Իսկ Սյունիքում ճախրող «Տաթեւեր»-ը միաժամանակ աշխարհի ամենաերկարն է` 5 հազար 752 մետր:
Հենց այս ճոպանուղին իր առանցքում ունեցող «Տաթևի դարպասներ» զբոսաշրջության գոտին 2013-ի հուլիսից հանդես կգա նոր ծառայություններով: Այդ նորությունների շարքում են օդապարիկների վարձույթը, ժայռագնացությունը, հեծանվային զբոսանքը, աուդիոգիդերը, հուշանվերների կրպակները:
«Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը հայտնում է նաեւ, որ հուշանվերների կրպակներում վաճառվելու են Տաթևի հարակից գյուղերի բնակիչների աշխատանքները:
2013թ.-ի սեպտեմբերին կգործարկվի «Տաթևեր»-ի նոր վեբ-կայքը, որը հնարավորություն կտա տոմսերի օն-լայն վաճառք իրականացնել:
Նախորդ տարի Տաթև է այցելել 100 հազարերորդ այցելուն, իսկ այս տարվա հուլիսին ակնկալվում է դիմավորել 150 հազարերորդին: Տարեցտարի նկատվում է զբոսաշրջիկների ավելացում: Նախորդ տարիների համեմատ գրանցվել է 10-14 տոկոսի աճ:
Նախորդ տարվա տվյալներով` զբոսաշրջիկների դեռ 35 տոկոսն են արտասահմանցիներ: Տուր-օպերատորների հետ համագործակցությունն է դեռ կաղում. ճոպանուղին դեռ ոչ բոլոր զբոսաշրջային գործակալություններն են ներառում իրենց տուր-փաթեթներում: Դա ևս խթանելու քայլեր են ձեռնարկվել: 5-10 հազար հաճախորդ ապահովողների համար զեղչեր են կիրառվում:
«Տաթևի դարպասներ» զբոսաշրջային գոտուց ստացված ողջ հասույթը տրամադրվում է Տաթևի միջնադարյան վանքի վերականգնմանը և հարակից տարածքների զարգացմանը: Պատասխանատուները խոստանում են` վանական համալիրի 1111-րդ ամյակի կապակցությամբ համալիրն ամբողջությամբ վերանորոգված կլինի:
Վահան Մելիքսեթյանը վստահեցրեց նաեւ` սակագների բարձրացում չի նախատեսվում: Տոմսի արժեքը հետադարձով կազմում է 4000 դրամ, իսկ մեկ ուղղությամբ՝ 3000, տեղացիների համար՝ 500 դրամ:
Ի դեպ` հենց «Տաթևի» տարածքում է տեղադրվել Հայաստան ներկրված 100 միլիոն դրամ արժողությամբ երկու թանկարժեք հասարակական զուգարաններից մեկը: Այն նորմալ գործում է, վստահեցրեց ճոպանուղու տնօրենը: 

Ցուցադրել ավելի
Back to top button