Սիրիական հակամարտությունը ԱՄՆ- Իրան, Իսրայել- Իրան հակամարտության շարունակությունն է


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Սիրիայում տևական ժամանակ ընթացող հակամարտությունում, ըստ «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանի, մի կողմից Սիրիայի իշխանություններին և կառավարական զորքերին աջակցում են Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը՝ տնտեսական առումով, իսկ մյուս կողմին՝ արաբական աշխարհից և ԱՊՀ երկրներից եկած վարձկաններ: Թուրքիայից մասնակցում են կանոնավոր բանակի զինյալներ, իսկ նրանց բոլորին, Հարությունյանի ձևակերպմամբ, աջակցում է ՆԱՏՕ-ն:
Սիրիական պատերազմի դրդապատճառները, «Նորավանք» կենտրոնի տնօրենի կարծիքով, ԱՄՆ-Իրան, Իսրայել- Իրան հակամարտության շարունակությունն է:
Ըստ նրա` սիրիական տևական ընթացող պատերազմը տարածաշրջանում արաբական աշխարհի կազմալուծումն է: Արևմտյան աշխարհը մտահոգված է, քանի որ նշված սպառնալիքներ կան նաև իրենց ուղղությամբ:
Հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում զոհվել է մոտ 100 հազ. մարդ։
«Արաբական գարնան սկզբից տարածաշրջանում կա մեկուկես միլիոն զոհ, և մոտ չորսուկես միլիոն փախստական: Դա ես ասում եմ բավականին համեստ տվյալներ, որոնք միջազգային կազմակերպություններն են հրապարակել»:
Հարությունյանի խոսքով` տարածաշրջանի կես միլիոնից ավել քրիստոնյաներ լքել են իրենց բնակավայրերը և ավելացնում, որ այս նույն գործողությունները տեղի են ունենում և’ Եգիպտոսում, և’ Իրաքում:
Իրաքում մոտ 1,4 մլն քրիստոնյայից մնացել է 400 հազարը։
Այսօր Սիրիայում մոտ 300 զինյալ ադրբեջանցի կա: Այս իրավիճակը, ըստ Հարությունյանի, վտանգավոր է Հայաստանի համար` հաշվի առնելով այն աջակցությունը, որը Թուրքիան ցուցաբերում է զինյալներին:
Իրավիճակը սրված է հատկապես բոլոր այն վայրերում, որտեղ ներկա են զինյալները: Սիրիայում գործում են տարբեր ուղղվածության զինյալ խմբեր, որոնց մեծ մասը, բանախոսի ձևակերպմամբ, ծայրահեղականներ են:
Հարությունյանը չգիտի` երբ կավարտվի պատերազմը , քանի որ զինյալներին աջակցող պետությունները շատ վճռական են տրամադրված: Այնուամենայնիվ՝ բանախոսը կարծում է, որ սիրիական պատերազմը շուտ չի ավարտվի։