ԿարևորՏնտեսական

Սեփական տունը որ մարդ կառուցում է, էլի լինում են թերություններ.Անդրանիկ Անդրեասյանի պատասխանը ՎՊ հաշվետվություններին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վերահսկիչ պալատի՝ աղմուկ հանած հաշվետվությունների պատասխանները գերատեսչությունների ղեկավարները անձամբ են ներկայացնում լրագրողներին: Հիշեցնեմ, հանձնարարականը հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը տվեց նախորդ հինգշաբի՝ կառավարության նիստի ժամանակ, դե իսկ գործըթնացը հնարավորինս արագ կազմակերպել հանձնարարեց հանրապետության նախագահը շաբաթ օրն արդեն՝ հանրապետության վարչապետի, գլխավոր դատախազի, Վերահսկիչ պալատի ու կառավարության անդամների հետ նախագահի նստավայրում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկման ժամանակ:

«Իմ հորդորն է, արա՛գ արեք դա, արե՛ք բաց, թափանցիկ: Մենք որևէ փաստից վախենալու կամ մտահոգվելու առիթ չունենք: Դա կլինի Ձեր ամենաճիշտ, ամենալավ պատասխանը հնչող քննադատություններին»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Այսօր արդեն կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն առաջինն է անդրադարձել Վերահսկիչ պալատի հաշվետվությունում իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող դիտարկումներին:

Ստուգողի ու ստուգվողի դարերից եկած հարատև կոնֆլիկտ: ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն այսպես է մեկնաբանում Վերահսկիչ պալատի հաշվետվության այն հատվածը, որն իերնց կատարած աշխատանքներին է վերաբերում: Հիշեցնեմ, Արմավիրի մարզում ոռոգման ջրանցքների շինարարությունում ՎՊ-ն 47 մլն դրամ անարդյունավետ ծախս է գնահատել՝ 300 մետրի վրա ճաքեր լինելու պատճառով:

Անդրանիկ Անդրեասյանի պարզաբանմամբ, իրենք կատարել են 8 մլրդ դրամի աշխատանք՝ 90 կմ մայր ջրացնքի շինարարություն, 240 հազ. քառ. մետր բետոնապատում: Այդ ծավալի մեջ ճաքերի որոշ քանակություն թույլատրվում է շինարարական նորմերով, սակայն դա չի նշանակում, որ բետոնն ամբողջությամբ պետք է փոխել, այնինչ ՎՊ-ն գնահատել է բետոնի ողջ արժեքը: Ա. Անդրեասյանն ասաց, որ ճաքերը վերացնելու հատուկ տեխնոլոգիաներ կան, որոնց օգնությամբ ճաքերը վերացվում են առանց բետոնը փոխելու:

«Ճաքերը անորակ բետոնի արդյունք չեն կարող լինել, քանի որ օգտագործվել է միայն բարձրորակ ցեմենտ: ՎՊ արձանագրության մեջ նույնպես չի նշվել բետոնի որակի մասին դիտողություն, թեեւ բետոնի նմուշները լաբորատոր ստուգման են ենթարկվել: Շինարարական կազմակերպության պարտավորությունների մեջ երաշխիքային պարտավորություններ ունի՝ ֆիքսված թերացումները վերացնել սեփական ուժերով: Ես համաձայն չեմ ֆինանսական գնահատականի հետ, ես ավելի շատ համաձայն կլինեի, որ մետրով գնահատեին, որ այսքան կմ ջրանցքի մեջ, այսքան մետրում հայտնվել են ճաքեր, որոնք պետք է վերացնել, որովհետև գնահատել, որ ադքան մետրի բետոնն արժի 47 մլն, որը որ պետք է փոխարինվի, ես համարում եմ, որ ճիշտ մոտեցում չի: Շինարարական կազմակերպությունը ճաքերի վերացման մեթոդոլոգիայով ընդունված այդ ճաքերը մշակել է»:

Անդրանիկ Անդերասյանի դիտարկմամբ, գործառութային տեսանկյունից, Վերահսկիչ պալատը թերացումները բացահայտելու և ի ցույց դնելու խնդիր ունի: Անկեղծանալով, Ջրային պետական կոմիտեի նախագահը նշեց, որ զարմանալի կլիներ, եթե որևէ կոնֆլիկտ չլիներ:

«Տարբեր կառուցների մշտական մոնիտորինգի տակ ենք»,- ասաց: «Սեփական տունը որ մարդ կառուցում է, էլի լինում են թերություններ: Սրանք աշխատանքային խնդիրներ են, որոնք ցանկացած ներդրումների արդյունքում կարող են լինել»,- հավելեց Անդարնիկ Անդրեասյանը, ով չի կարծում, թե թերությունները ստվերում են այն հսկայական աշխատանքները, որն իրականացվել են.«Եթե դուք արձանագրեիք, որ ստուգողի ու ստուգվողի միջև կոնֆլիկտ չկա, ուրեմն գործերը լավ չեն: Ես այսպես եմ գնահատում: Այստեղ ես առանձնապես խոշոր բան չեմ տեսնում, և չեմ էլ ուզում որևիցե գնահատական տալ, նորմալ եմ համարում, որ մենք պետք է փորձենք ապացուցել, իրենք էլ պետք է փորձեն հակառակն ապացուցել: Ես կարծում եմ, որ մեր ոլորտներում արձանագրված բոլոր նկատառումները, նորմալ նկատառումներ են, մի մասի հետ մենք չենք համաձայնվում, մի մասի հետ համաձայնում ենք»:

Հավելեմ, որ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն առաջինն պաշտոնյան էր, ով վարչապետի հանձնարականից հետո պարզաբանումներ ներկայացրեց ՎՊ հաշվետվության վերաբերյալ: Առաջիկա օրերին մյուս պաշտոնյաներին նույնպես նման հնարավորություն կընձեռվի:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button