Հասարակություն

Պրակտիկայի կազմակերպումը՝ բարձրագույն կրթության «աքիլեսյան գարշապար»

«Բարձրագույն կրթության բանագավառում պրակտիկայի  կազմակերպումը  շարունակում է մնալ որպես կրթական համակարգի «աքիլեսյան գարշապար»,- այսօր ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Մանկավարժական համալսարանում մեկնարկած  «Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում»  խորագրով միջազգային  գիտաժողովի ժամանակ:

Նա հույս է հայտնել, որ մանկավարժական կրթության բանգավառում պրակտիկայի նոր մոդելի մշակումն ու ներդրումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել մանկավարժական կադրերի որակը։ Ըստ նրա՝ Մանկավարժական համալսարանը վերջին տարիներին ակնհայտորեն ցուցաբերում է միջազգայանցման և արդիականացման նախանձելի տեմպեր` ցույց տալով, որ Հայաստանի կրթական համակարգում բուհը կարողանում է արժանապատիվ և կարևոր գործընկեր լինել:

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը անդրադառնալով գիտաժողովի թեմային՝ ընդգծել է, որ  մանկավարժական կրթության գործընթացում պրակտիկայի արդյունավետ եւ բովանդակային կազմակերպման լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա։

Միջազգային գիտաժողովի մասնակից Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գլուզմանը ներկայացրել է Ուկրաինայի բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունների ուսանողների գործնական պատրաստության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մանկավարժական ծրագրերի, պրակտիկայի դրույթների համապատասխանեցումը կարևոր քայլ է մանկավարժական կադրեր պատրաստելու գործում միասնական լինելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button