ԿարևորՀասարակություն

Շնորհավորանքներ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:  Հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սերժ Սարգսյանին ի թիվս այլ երկրների ղեկավարների՝ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Դուք իրավամբ վայելում եք բարձր հեղինակություն Ձեր Հայրենիքում և արտերկրում: Դժվար է գերագնահատել Ձեր ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա:

Մեր վերջին հանդիպումները նպաստեցին երկկողմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում կառուցողական համագործակցության, միջազգային ասպարեզում, հատկապես՝ ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Այդ ամենը բխում է Ռուսաստանի և Հայաստանի արմատական շահերից, ընթանում է Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման հունով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»,-ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button