ԿարևորՀասարակություն

Աջակցել պրոբացիոն ծառայության ստեղծմանը. ծրագրի արժեքը՝ 300 հազար եվրո

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Այսօր տեղի է ունեցել «Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը» ծրագրի շնորհանդեսը: Մեկամյա ծրագրի նախաձեռնությունը Եվրոպայի խորհրդինն է, այն իրականացվելու է Նորվեգիայի կառավարության հովանավորությամբ: 

Նախաձեռնողները նշել են, որ ծրագրի նպատակը Հայաստանում  հանրային պատժատեսակների կիրառման շրջանակներն ընդլայնելն է, կալանավայրերի գերբեռնվածության դեմ պայքարում  կառավարության ձեռնարկած քայլերին աջակցելը։

Վերջին տասնամյակի ընթացքում եվրոպական գրեթե բոլոր երկրներում քրեական պատիժների շրջանակն ընդլայնվել է` ընդգրկելով ազատազրկում չենթադրող տարաբնույթ պատիժներ և միջոցառումներ: Դատարանները դրանք  կիրառում են հանցագործություն կատարած այն անձանց նկատմամբ, ովքեր, որոշակի ուսումնասիրության արդյունքում և  կոնկրետ  չափանիշների բավարարման դեպքում, համարվում են հասարակության համար վտանգ չներկայացնող, և նրանց հանդեպ կիրառվում է պատիժ, որը կարող են կրել քրեակատարողական հաստատությունից դուրս։
Այդ ուսումնասիրությունները, դրանց հիման վրա որոշում կայացնողներին առաջարկներ ներկայացնելը  կատարում են  պրոբացիոն ծառայությունները:  Եվրոպական երկրներում այս ինստիտուտը բավականին զարգացած է, իսկ Հայաստանում այն նոր-նոր է  ձևավորվում։
Ավելի քան հիսուն տարի Եվրախորհուրդը  խրախուսում է ազատազրկումը  որպես վերջին տարբերակ ու ծայրահեղ միջոց  օգտագործելու մոտեցումը, այսօր ծրագրի շնորհանդեսին ասաց  ԵԽ քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի ներկայացուցիչ Տանյա Ռակուշիչը։
Նրա ձևակերպմամբ ՝ բանտերը միայն այն հանցագործների համար են, ում հետ բաց հասարակությունում իսկապես դժվար է աշխատել:

«Ազատազրկվածների մեծ մասը հանցագործություն է կատարել սոցիալական, ընտանեկան տարբեր պատճառներից ելնելով: Հասարակությունը պետք է համաձայնի, որ այս մարդկանց աջակցելու շատ ավելի լավ տարբերակներ կան, քան՝ նրանց բանտերում պահելը: Բանտերը պետք է պահել  իսկական հանցագործների համար, ում հետ  իսկապես դժվար է բաց հասարակությունում աշխատելը: Այլընտրանքային պատժամիջոցների կիրառումը դեռ ցածր մակարդակի վրա  է:  Այս հարցում հատուկ ռազմավարությունների  ու արդյունավետ մեխանիզմների մշակման անհրաժետություն կա»,- ասում է նա։
Դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրում նշվում  է, որ  Հայաստանում քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը շարունակում է էական խնդիր մնալ:  Ոլորտի պատասխանատուները նշում են, որ խնդրի լուծմանը կարող է նպաստել պրոբացիոն  ծառայության գործունեությունը: Նախատեսվում է, որ  այն  Հայաստանում կսկսի  գործել 2014-ի հունվարի 1-ից:

«Ազազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը» ծրագիրը , որի նախաձեռնությունը Եվրոպայի խորհրդինն է, նպատակ ունի նպաստել Հայաստանում  այլընտրանքային պատժատեսակների կիրառման ընդլայնումը , ինչպես նաև հող նախապատրաստել 2014-ից իր աշխատանքը սկսող պրոբացիոն ծառայության գործունեության համար։
Ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանն այսօր  ասաց, որ հիմնական ջանքերն ուղղվելու են օրենսդրական, ինստիտուտցիոնալ կարիքների բացահայտմանը, ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառման արդյունավետության գնահատմանը։

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկի կարծիքով կարևոր է, որ ծրագրի իրականացումը համընկնում է   Հայաստանի կողմից ԵԽ արտգործնախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու ժամանակահատվածի հետ: Ծրագրի արդյունքները, ըստ նրա,  կնպաստեն Հայաստանում քրեակատարողական համակարգի բարեփոխումներին, կավելացվեն այլընտրանքային պատժամիջոցների բաժինը:
Նշնեք, որ  ծրագրի տևողությունը 12 ամիս է, բյուջեն կազմում է 300 000 եվրո, դոնորը՝ Նորվեգիայի կառավարությունն է:

Back to top button