Վարորդները կանոնները սովորում են՝ տուգանվելով


Լուսինե Վասիլյան
<<Ռադիոլուր>>
Վարորդները երթևեկության կանոնները սովորում են տուգանվելով, ասում է Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Արագաչափերի տեղադրման հիմնական արդյունքներից մեկը նա հենց դա է համարում:
«Էն ժամանակ մենք ասում էինք, որ վարորդների 99 տոկոսը չգիտի երթևեկության կանոնները, այժմ ասում ենք, որ այդ թիվը նվազել է՝ երևի հասնելով 90 տոկոսի»։
Նախկին 15-20 -ի փոխարեն արդեն մոտ 100 տեսախցիկի առկայությունը Երևանի փողոցներում, ըստ <<Աքիլլեսի>> նախագահի, զգաստացրել է վարորդներին, փոխարենը՝ խիստ անկարգապահ են շարունակում մնալ հետիոտները:
Ըստ վիճակագրության ՝ ավտոպատահարներից մահացության դեպքերը նվազել են, վրաերթերի վիճակագրությունը, սակայն շարունակում է նույն մակարդակի վրա մնալ։ Հովհաննիսյանի դիտարկումների համաձայն ՝ փողոցների այն հատվածներում, որտեղ տեսախցիկներ կան, պատահարներն անհամեմատ քիչ են:
Մի խնդիր էլ, որի մասին խոսեց «Աքիլլեսի» նախագահը: Խախտումների մասին որոշումները վարորդներն ստանում են 2 ճանապարհով՝ ավտոտեսուչից և փոստով: Վերջին ճանապարհով ստանալու դեպքում խախտման մասին որոշումը վարորդին կարող է հասնել խախտումից 20-30 օր հետո: Ու չի բացառվում, որ չիմանալով դրա մասին նույն խախտումը վարորդը կրկնի այդ ամբողջ ընթացքում։
«Կարող է ամեն օր նույն տեղում մի քանի անգամ կանգնել՝ չիմանալով, որ խախտում է կատարում և դրա համար տուգանվելու է: Եվ այդպես՝ 30-40 օր շարունակ: Իսկ երբ տեսուչն է անմիջապես փոխանցում խախտման որոշումը, վարորդը այդ պահից դրա մասին իմանում է և այլևս չի կրկնում»։
Նման բողոք «Աքիլլեսը» ստացել է մի վարորդից, որը 32 անգամ տուգանվել է նույն խախտման համար, բայց տեղյակ չի եղել դրա մասին, քանի որ որոշումներն ուշացումով է ստացել: Սա <<Աքիլլեսի>> կողմից դատարանում վիճարկվելիք գործերից մեկն է:
Ընդհանրապես` Հովհաննիսյանն ասում է, որ իրենք այս տարի ավելի քիչ են դատարան դիմել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ <<Աքիլլեսի>> նախագահի՝ նվազել են այն հիմքերը, որոնցով կարելի է դատարան դիմել: Տեսախցիկներն այս հարցում էլ են դերակատարում ունեցել։
«Շատ են դեպքերը, երբ վարորդը տեսաձայնագրությունը տեսնելուց հետո ուղղակի ընդունում է, որ խախտումը թույլ է տվել»: Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին ավարտված 60 և ընթացքի մեջ գտնվող 50 դատական գործ ունեն: Վարորդները դատարաններում հիմնականում վիճարկում են արագության գերազանցման, ամրագոտիների, հետիոտնին չզիջելու հետ կապված այն դեպքերը, երբ համաձայն չեն, որ մեղավորն իրենք են։