Տնտեսական

Շշալցվող ըմպելիքների ինքնարժեքը կբարձրանա 20- 30 տոկոսով, կանխատեսում են տնտեսագետները

Լիանա Եղիազարյան
<<Ռադիոլուր>>

Հայաստանյան տնտեսության մեջ սպասվում են գնաճային նոր երեւույթներ: Տնտեսագետներն իրենց այս կանխատեսումները կապում են հուլիսի 1-ից կառավարության որոշմամբ ուժի մեջ մտնող այն փոփոխության հետ, որի համաձայն` ջուր, ըմպելիք, գարեջուր, մինչև 9% սպիրտայնությամբ խմիչք, հյութ ներմուծող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ու ՀՀ-ում այդ ապրանքներն արտադրողները պարտավոր են դրանց իրացումը կազմակերպել բացառապես դրոշմապիտակներով:
Այսինքն` շշալցվող ամենաէժան ապրանքներից սկսած` թան, սառը սուրճ, լիմոնադ ու հանքային ջրեր, մինչեւ գարեջուր, պարտադիր պետք է ունենան դրոշմապիտակներ, ինչպիսիք ունեն գինին, կոնյակն ու օղին:
Կառավարությունն այս որոշումը կյանքի կոչելու ժամկետը հունվարի 1-ից հետաձգեց մինչեւ հուլիսի 1, որպեսզի շշալցնող տնտեսվարող սուբյեկտները հասցնեն պատրաստվել դրան, եթե անհրաժեշտ է` ներկրեն հատուկ հոսքագծեր, որոնք ավտոմատ կփակցնեն դրոշմապիտակները:
Որոշումն ուժի մեջ կմտնի արդեն 2 օր անց` իր հետ բերելով գնաճային նոր երեւույթներ: Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի բացատրությունից պարզ է դառնում, որ արտադրության նույն ծավալները պահպանելով՝ շշալցվող ապրանք արտադրողները ծախսում են ավելի շատ` ավելի բարձր գին վճարելով շշի արտադրության համար պահանջվող գազի ու էլեկտրաէներգիայի վրա։

Սաֆարյանը միաժամանակ նկատում է, որ միայն պարտադիր դրոշմապիտակավորման որոշումն առանձնապես մեծ ազդեցություն չի կարող ունենալ այդ ապրանքների գնի վրա, հատկապես, որ ՊԵԿ-ը սահմանված կարգով դրոշմապիտակի մոտ 3.5 դրամ արժեքը պետք է վերադարձնի տնտեսվարողին նրա իսկ վճարած հարկերից:
Սակայն ամեն դեպքում նոր փոփոխությունը ենթադրում է նոր ծախսեր` սկսած նոր հոսքագծերի ներկրման անհրաժեշտությունից մինչեւ հնարավոր է նոր աշխատողի վարձում: Միայն շշի արտադրության ծախսերի ավելացման ռիսկերը 28-30 տոկոսի են հասնում, գնահատում է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը։

Շշալցվող արտադրությունը սննդի արդյունաբերության մեջ մեծ տեսակարար կշիռ ունի, ընդգծում է Վազգեն Սաֆարյանը: Ոլորտում արտադրողները շատ են ու բազմազան: Սառը սուրճից ու թանից մինչեւ հանքային ջրեր արտադրության շղթան երկար է` մանր ու մեծ արտադրողներով: Հենց այդ շղթայում էլ պետական եկամուտների կոմիտեն ստվերի ռիսկեր է տեսել ու վարչարարական այս գործիքի միջոցով, այն է` պարտադիր դրոշմապիտակավորմամբ, փորձում է հարկման դաշտ բերել հնարավոր թերհայտարարագրվող շրջանառությունները` առանց հարկային մարմնի կողմից բիզնեսի գործունեությանը որևէ միջամտություն ցուցաբերելու:
Ի դեպ` մանրածախ ցանցում գտնվող ապրանքատեսակների համար օրենսդրությունը ևս 6 ամիս ժամանակահատված է նախատեսել, որպեսզի առկա առանց դրոշմապիտակների ապրանքների մնացորդներն իրացվեն:
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահ է, որ մասնավորապես այս միջոցառման արդյունքը կերեւա արդեն այս տարվա երկրորդ կիսամյակում, ինչը նկատելի կլինի նաև վճարված հարկերի տեսքով:
Ենթադրվում է, որ գների նոր բարձրացումներին էլ պետք է սպասել արդեն տարվա երկրորդ կեսից, եթե ոչ որոշման կյանքի կոչելուց անմիջապես հետո: Այստեղ վստահաբար իր անելիքը կունենա նաեւ ՏՄՊՊՀ-ն` թույլ չտալու գների չհիմնավորված վայրիվերումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button