Բնապահպաններ. Փոքր ՀԷԿ- ի անկանոն կառուցումը պատուհաս է դառնում շրջական միջավայրի համար


Հասմիկ Դիլանյան
<<Ռադիոլուր>>
Բնապահպանների կարծիքով՝ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը իսկական պատուհաս է դարձել: Նրանք շարունակում են ահազանգել՝ հատկապես մի գետի վրա մի քանի փոքր ՀԷԿ-երի կառուցումը պարզապես սպանում է տվյալ գետը:Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը հիշում է, թե ինչպես Հայաստանում որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր հաստատվեց փոքր ՀԷԿ-երի ծրագիրը: Բնապահպանը նաև նկատում է՝ մեզանում այնպես է ստացվել, որ ամեն ինչ հետո տրանսֆորմացիայի է ենթարկվում։
<<Ստացվեց այնպես, որ մարդիկ, ովքեր կառուցում են, դրանց ձեռքերը ոչ ոք չի բռնում, որ այսինչ նորմերով դուք պետք է աշխատեք։ Ի վերջո, եթե ոչ ողջ ամբողջ ջուրը, ապա գոնե 90 տոկոսը վերցվում է խողովակի մեջ, և երկու պրոբլեմ ունենք, այնտեղ էկոհամակարգն է չորանում, բնակչությունը զրկվում է ոռոգման ջրից, և գետում կորցնում ենք կենսաբազմազանությունը: Իսկ եթե գետի վրա մի քանի ՀԷԿ-եր են, կարող ենք համարել , որ դա մեռած գետ կլինի>>։
<<Էկոլուր>> տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանը կրկին նույն հարցն է բարձրացնում, միաժամանակ՝ իր դիտարկումներում խիստ գնահատականներ տալիս Հայաստանի տնտեսությանը՝ բնութագրելով այն որպես սպառողական տնտեսություն:
Նրա կարծիքով՝ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի ռազմավարությունը շատ թույլ է: Զրուցակիցս նկատում է, որ տրամաբանորեն այլընտրանքային էներգիայի աղբյուր հանդիսացող ՀԷԿ-երի կառուցումը գոնե ինչ որ կերպ պետք է դրական իմաստով անդրադառնար բնակիչների կենսամակարդակի վրա, ինչը, սակայն, այդպես չէ. գյուղացիները վնասից բացի որևէ օգուտ չեն տեսնում։
Փոքր ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան ոչ մի ձևով համայնքների վրա չի ազդում, այսինքն՝ ինչ-որ ամբողջությամբ եթե դու համայնքից ջուր ես վերցնում, իրենց առանց ջրի ես թողնում, դու գոնե պետք է էլեկտրաէներգիան էժան տաս գյուղացիներին, բայց նրանք այդպես չեն անում, նրանք ստանում են նույն գնով, ինչով ողջ հանրապետությունը։
Կարինե Դանիելյանը կարծում է, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացը պետք է սառեցվի, պետք է վերանայվի, թե ինչպես է անցնում փորձաքննությունը, ամբողջ աշխարհը փոքր ՀԷԿ-եր կառուցում է, բայց որևէ տեղ նման վտանգներ չկան:
Նշենք, որ այժմ Հայաստանում շուրջ 200 փոքր ՀԷԿ կա, որից 130 կառուցման կամ շահագործման փուլում են,70-ը նախնական տարբեր փուլերում են:
Ոլորտի պատասխանատուն՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ևս կարևորում է ջրի էներգիան որպես այլընտրանքային վերականգնվող էներգետիկ աղբյուր օգտագործելը, ասում է՝ երկրի համար բնականաբար նպաստավոր կլինի, որովհետև այդ էներգիան և էկոլոգիապես անվտանգ է, և ավելի էժան էներգիա է ստացվում, սակայն մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք ճիշտ կառուցել։
ՙ<<Այնտեղ, որտեղ ճիշտ չեն կառուցում, ճիշտ չեն կառուցել, բնականաբար, մենք պլանավորել ենք ծավալուն ուսումնասիրություններ իրականացնել, և անհրաժեշտության դեպքում նաև միջոցներ ձեռնարկել խախտումներ թույլ տվողների վերաբերյալ>>։
Եվ ուղղակի հիշեցման կամ տեղեկացման կարգով նկատենք, որ փոքր ՀԷԿ-ի կառուցման արդեն հաստատված փորձաքննությունը չեղյալ ճանաչելու նախադեպ էլ ունենք։ Նախորդ տարվա աշնանը բնապահապանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ուժը կորցրած ճանաչվեց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2012 թվականի օգոստոսի 23-ի թիվ ԲՓ 70 փորձագիտական եզրակացությունը: խոսքը բնապահպանների կողմից ամիսներ շարունակ ահազանգվող «Մեգաէներջ»-ի ընկերության կողմից խաչաղբյուր 2 փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի մասին է: