ԿարևորՀասարակություն

Անհետ կորածների հարցով Ադրբեջանի հետ կապեր փորձում են հաստատել միջազգային կառույցների միջոցով

Ալիսա Գեւորգյան
<<Ռադիոլուր>>

Հունիսի 29-ը Հայաստանի նորանկախ պետականության  պաշտպանության ու կայացման, ինչպես նաև Արցախի հերոսամարտում  հայոց հաղթանակի համար իրենց նվիրական դերակատարումն ունեցած անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ու անհետ կորած ազատամարտիկների հարազատները, ինչպես միշտ, այսօր եւս այցելեցին Եռաբլուր։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ իր ղեկավարած Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցեով  հանձնաժողովը շարունակական համապատասխան աշխատանքներ է իրականացնում:

«Օպերատիվ հետախուզական աշխատանքները անհետ կորածների գտնելու ուղղությամբ շարունակվում են, բայց արդյունքներն այնքան էլ արդյունավետ չեն: Մենք փորձում ենք միջազգային կառույցների միջոցով կապ հաստատել Ադրբեջանի հետ»,- ասում է նա։

Ըստ պաշտպանության նախարարի՝ կապի բացակայությունը թույլ չի տալիս լիարժեք տեղեկություններ ստանալ:

92-ի հունիսյան հենց այս չարաբաստկի օրը ճակատագրական դարձավ հայկական վաշտի 79 տղաների համար, որոնք ազերիների  անսպասելի հարձակման արդյունքում շրջափակման մեջ հայտնվելով զոհվեցին Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի մոտակայքում։
Զոհվածներից 22-ը «Արաբո» ջոկատից էին,, 29-ը՝ Հոկտեմբերյանի Արծիվ» վաշտից, 19-ը՝ արցախցիներ էին , իսկ  7-ը ՝ «Զեյթուն» ջոկատից։ Մինչև 2008 թվականը հայկական վաշտի տղաների մահվան հանգամանքները համարվում էին խիստ առեծվածային, որևէ մեկը ստույգ չգիտեր՝ նրանք զոհվե՞լ են, թե՞ գերի ընկել, ուստի բոլորն էլ համարվեցին անհետ կորած։
2008-ին համացանցում հայտնված ադրբեջանական տեսաերիզը վերջ դրեց անորոշությանը:
<<Անհետ կորած ազատանմարտիկների հարազատների խորհուդ>> հկ նախագահ Ռիմա Առաքելյանն ասում է , որ տեսաերիզում ճանաչել է ոչ միայն որդու մարմինը, այլ նրա մի քանի ընկերներին ևս։

Ալվարդ Ղարիբյանը անհետ կորած ազատանմարտիկ Արթուր Ղարիբյանի  մայրն է։ Նա էլ դիտել է  2008-ին համացանցում հայտնված տեսաերիզը, բայց, ինչպես ասում է, որդուն այնտեղ չի տեսել։

Ազատամարտիկ Նորիկ Մուրադյանի որդին` Արտաշ Մուրադյանը, պատմում է, որ  երեք տարեկան է եղել, երբ հայրը կորել է: Նրանից ոչինչ չի հիշում, միայն նկարներն է տեսել: Բայց միայն փաստը, որ հայրը կամավոր է զինվորագրվել Արցախի պաշտպանության գործին, որդուն շատ բան է պատմում հոր մասին:
Ազատամարտիկի որդին նշեց, որ կառավարությունից գոհ է, չի հիշում մի դեպք, որ դիմել է օգնության համար ու մերժում ստացել, միայն թե հոր կարոտը ոչնչով մեղմել չի կարող։
Հետաքննությունից պարզվել է, որ տղաները  կարող էին դիրքերը թողնելով փախչել  կամ էլ գերի հանձնվել, բայց կռվել են մինչև վերջին փամփուշտը, բոլորն էլ զոհվել  խրամատում, հերոսբար։ Ողբերգական այս իրադարձություններից ավելի քան երկու տասնամյակ է անցել . չնայած հայկական կողմի բոլոր ջանքերին ադրբեջանակն կողմը մինչ օրս հրաժարվում է հանձնել զոհվածների դիակները։
Ըստ Ռիմա Առաքելյանի՝ այս խնդրում, ընդհանրապես,  որևէ  տեղաշարժ արձանագրելու հարցում անզոր են անգամ միջազգային կառույցները:

 

Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցեով  հանձնաժողովի տվյալներով` ղարաբաղյան հակամարտության արդյունքում  Հայաստանից կորածների թիվը գերազանցում է 200-ը:  Պատերազմի ընթացքում Հյաստանից և ԼՂՀ-ից  անհետ կորածների ընդհանուր թիվը  հասնում է հազարի:

Ցուցադրել ավելի
Back to top button