ԿարևորՄշակույթՏեսանյութՔաղաքական

«Մեծ մորս դաջվածքների» հեղինակի տպավորությունները Եվրախորհրդարանում ցուցադրությունից (տեսանյութ)

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հունիսի 17-ին Եվրոպական խորհրդարանում ցուցադրվեց հայտնի շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը: Ցուցադրությունը կազմակերպվել էր Եվրոպայի Հայ դատի գրասենյակի եւ Եվրախորհրդարանի երկու շվեդ պատգամավորների աջակցությամբ։ Այս օրերին Սյուզան Խարդալյանը  Հայաստանում է, որի հետ էլ զրուցեցի ֆիլմի մասին։

«Մեծ մորս դաջվածքները» 58 րոպեանոց վավերագրական  ֆիլմի նկարահանման աշխատանքները տևել են շուրջ 3 տարի և ավարտվել 2011 թվականին: Այս ֆիլմով  հեղինակ բացահայտել է իր տատի գաղտնիքը, ինչի մասին ընտանիքում երկար տարիներ նախընտրում էին լռել:
Ինչպես պարզվել էր, Խանում տատը 12 տարեկան հասակում Մեծ եղեռնի ժամանակ թուրքերի կողմից ենթարկվել էր բռնաբարության, ինչից հետո դաջվածքներ էին արվել նրա դեմքին: Այդ տարիներին շատ հայ աղջիկներ կիսեցին ֆիլմի հեղինակի մեծ մոր փորձությունները:
Ֆիլմի դիտումից պատգամավորները ևս տպավորված էին, պատմում է Սյուզան Խարդալյանը: Եվրապատգամավորները ֆիլմը առաջին հերթին ընկալեցին որպես առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կանանց դեմ բռնության դատապարտման վավերագիր: Ֆիլմի քննարկման ընթացքում բազմիցս շոշափվեց և Մեծ եղեռնի թեման։

Սյուզան Խարդալյանը նշեց, որ իր նկարահանած կինոնկարը նա չի դիտարկում որպես քաղաքական ֆիլմ և չի հետապնդում նման հավակնություններ: Հեղինակի համար կարևոր է ֆիլմը հասցնել յուրքանչյուր դիտողի հոգուն:

Հայոց ցեղասպանության միջազգային ճամաչման համատեքստում նոր մոտեցումները ընդլայնում են հայանպաստ հնարավորությունները, նշեց Սյուզան Խարդալյանը:

Համացանցում  «Մեծ մորս դաջվածքները» վավերագրական  ֆիլմը արդեն դիտվել է ավելի քան 200 հազար անգամ: Այժմ տիկին Խարդալյանը իր ամուսնու` Պիէ Հոլմքվիստի հետ աշխատում է նոր ֆիլմի վրա, որը պատմում է «արաբական գարնան» մասնակից ակտիվիստ կանանց հանդեպ ճնշումների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button