Հասարակություն

Նշվեց դատախազության կազմավորման 95- ամյակը

Հայաստանի գլխավոր դատախազության կազմավորման 95- ամյակին էր նվիրված այսօր տեղի ունեցած հանդիսավոր նիստեը, որին մասնակցել են  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Վովա Գասպարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

«Դատախազությունը մեծ ճանապարհ է անցել և այսօր ձեր առջև կանգնած են նոր խնդիրներ: Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն և որը որակապես փոխում է մեր առջև կանգնած խնդիրների առաջնահերթությունները: ՀՀ նախագահը՝ մեր քաղաքական թիմի ղեկավարը, մեր առջև խնդիր է դրել, որպեսզի ինքներս բացահայտենք մեր բացթողումները, հրապարակային ձևով ինքներս խոսենք դրանց մասին: Դա է ստեղծում խնդիրները հաղթահարելու  երաշխիքները»,- իր ելույթում ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դատախազությունը նույնպես ունի բազմաթիվ խնդիրներ: Վարչապետի դիտարկմամբ՝ այսօրվա առանձնահատկությունն այն է, որ իրենք խոսում են այն խնդիրների ու ռիսկերի մասին, որոնք դեռևս համակարգում տեսանելի են:
«Դա մեզ հնարավորություն է տալու միասին առաջ գնալ: Միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, որ մենք չպետք է նկատենք այն դրական ձեռքբերումները, դինամիկան, որն այսօր գոյություն ունի դատախազության աշխատանքներում, դա չի նշանակում, որ մենք չպետք է մեծարենք այն ազնիվ և պարկեշտ աշխատողներին, ովքեր այսօր աշխատում են դատախազական համակարգում: Դա է առաջ շարժվելու ճանապարհը: Միևնույն ժամանակ, երբ մենք խոսում ենք մեր բացթողումների և թերությունների մասին, ամենևին չի նշանակում, որ ոմանք իրավունք ունեն ցեխ լցնել ամբողջ համակարգի վրա և սևացնել ամեն ինչ: Ցավոք սրտի, դա դեռևս հաճախ է հանդիպում մեր առօրյա կյանքում»,- նկատել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում նկատել է, որ դիմակայելով արդիականության բարդ մարտահրավերներին` Հայաստանի դատախազությունը տարաբնույթ գործընթացներում ելակետ է ընդունում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, պետության շահերի պաշտպանության, հետաքննության ու նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության, դատարաններում մեղադրանքի պաշտպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման իր գործառույթները, որոնց կենսագործումը ժողովրդավարության հենքի վրա իր պետականությունը կառուցող մեր երկրի յուրաքանչյուր դատախազի մասնագիտական պարտքի ու պատվի գործն է:

«Անառարկելի է, որ դատախազությունը Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունները և իր առջև դրված խնդիրները կարող է հաջողությամբ իրականացնել միայն այն դեպքերում, երբ ունի բանիմաց, սկզբունքային, գործունյա ու անկաշառ դատախազներ: Եվ հենց դա է պատճառը, որ մենք առանձնակի կարևորում ենք կադրային քաղաքականության բարելավումը, համակարգը բանիմաց ու մասնագիտական բարձր որակներով օժտված կադրերով համալրելու խնդիրը և մշտական ուշադրություն ենք դարձնում կադրերի ուսուցմանը և վերապատրաստմանը: Յուրաքանչյուր դատախազ պետք էգիտակցի, որ ինքը հանրապետությունում իրականացվող քրեական քաղաքականության առանցքն է` դրանից բխող բոլոր պարտականություններով»,- ասել է  Աղվան Հովսեփյանը։

Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության մի քանի տասնյակ աշխատակից արժանացել են պարգեւների: Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, իրավապահ մարմինների ղեկավարներին եւ տեղակալներին, դատախազության վետերաններին պարգևատրել է դատախազության 95-ամյակի հուշամեդալով:

Ցուցադրել ավելի
Back to top button