Ինչպես գոյատեւեն հանրային հեռարձակողները տնտեսական ճգնաժամի պայմաններում. քննարկումներ Մալթայում


Տնտեսական ճգնաժամի պայմաններում հանրային հեռարձակող ընկերությունների գոյատեւման խնդիրներն են քննարկվում Մալթայում անցկացվող Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր վերահաժողովի հերթական՝ 70-րդ նստաշրջանում։ Այս համատեքստում նաեւ քննարկվել է Հունաստանի հանրային հեռուստատեսության ճակատագիրը, որը այս երկրի կառավարությունը փորձում է փակել՝ պետական ֆինանսները խնայելու պատճառաբանությամբ։
Այս օրինակը նաեւ առիթ է դարձել, որ վեհաժողովի մասնակիցները քննարկեն, թե ինչպես կարող են զարգանալ հեռարձակող ընկերությունները խիստ խնայողության պայմաններում։
Երկօրյա քննարկումների առանցքում նաեւ մասնակիցները շարունակում են բանավեճերը դեռ անցյալ տարի Ստրասբուրգում գումարված վեհաժողովում սկսված «2020-ի տեսլականները» ռազմավարության շուրջ:
Հայաստանի պատվիրակությունը Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր վերահաժողովում գլխավորում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը։