ԿարևորՀասարակություն

Հայ-թուրքական հարաբերությունները՝ հարավկովկասյան աշխարհաքաղաքականության համատեքստում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայ և թուրք փորձագետները այսօր Երևանում քննարկում են հայ- թուրքական հարաբերությունների թեման Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության համատեքստում։ Թեև հայ- թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ տարվող գործընթացը սառեցված է պաշտոնական Անկարայի ներկայացրած նախապայմանների պատճառով, սակայն գերտերությունների վերջին շրջանում աճող հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, ստիպում է նորից խոսել հայ-թուրքական սահմանի բացման, կամ գոնե այդ ուղղությամբ քայլեր անելու մասին:

Վերջին շրջանում խիստ արդիական է դարձել հարցը` Եվրոպական, թե՞ Եվրասիական միություն։։ Ու քանի դեռ Հայաստանը հայտարարում է,  թե նախընտրում ենք «և, և`» քաղաքականությունը, Ռուսաստանը Եվրասիական միության` մաքսային միության գաղափարն է առաջ տանում, զուգահեռ բարձրացնում Հայաստան մտնող գազի գինը, իսկ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներն էլ հստակ ասում  են, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի:
Առջևում` այս տարվա նոյեմբերին,  ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովն է և Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կանխելու համար Ռուսաստանը ջանք չի խնայում, վերլուծելով իրավիճակը՝ ասում է Գլոբալիզացիայի ու տարածարջանայի համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը.

«Տարածաշրջանում որակական փոփոխություն կլինի, եթե  հայ-թուրքական սահմանը բացվի»,- նկատում է նա:

Խոսելով ՌԴ ցայտնոտային վիճակի մասին՝ քաղաքագետն ասաց, թե իր համար անհասկանալի է, թե ինչ է ուզում Ռուսաստանը՝ փորձելով ստեղծել Եվրասիական Միություն։

«Խոսում ենք, բայց չգիտենք թե դա ինչ է»,- ասաց։

Ու մինչ Ստեփան Գրիգորյանը խոսում էր տարածաշրջանի նկատմամբ գերտերությունների ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատման դեպքում ԵՄ- ին վերաբերող հարցերում Թուրքիայի՝ ծանրակշիռ ազդեցություն ունենալու հավանականության մասին, թուրք քաղաքագետ Մերթ Խայհան գերադասեց իր ելույթում որևէ խոսք չասել հայ-թուրքական սահմանի բացման մասին:
«Կներեք, եթե ակնկալում եք, որ պետք է խոսեմ հայ-թուրքական սահմանի բացման մասին, ասեմ, որ այդպես չէ, ես կգերադասեի որպես գիտնական խոսել անհատի անվտնգության մասին»,- ասաց:

Նա ներկաներին հստակեցրեց, թե շատերը շփոթության մեջ են, եթե կարծում են, թե Գեզի այգում բողոքի ակցիաների կազմակերպումը կարող է վերածվել արաբական գարնան:
Պետությունը վեր է ամեն ինչից և այս հարցը կասկածի տակ առնելը նշանակում է  խոցելի դարձնել պետությունը, ասաց:

Նման պայմաններում, երբ մասնակիցները տարբեր մոտեցումներ են հայտնում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման մասին, անկեղծ ասած, դժվար է խոսել քաղաքացիական հասարակության մակարդակում առաջընթաց արձանագրելու մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button