

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանն այնպես չի անում, որ Ռուսաստանն իր հանդեպ հարգալից վերաբերվի ու մեզ պատերազմով սպառնացող Ադրբեջանին մեր ռազմավարական դաշնակիցը տալիս է լրացուցիչ զենք:
«Ստացվում է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուն սպանելու համար Ռուսաստանը Ադրբեջանին հինգ հարյուր դոլարի չափով զենք է տրամադրում»,- ասել է ԱԻՄ նախագահը։
«Ինձ համար մտահոգիչ է ոչ այնքան զենքի վաճառքը, որքան մարդկանց անտարբերությունը այդ հարցում: Ի՞նչ է նշանակում մեզ պատերազմով սպառնացող երկրին զենք վաճառել»:
Անհնարին թվացող բազմաթիվ իրավիճակներում կարողացել եմ ելք առաջարկել, շարունակեց Հայրիկյանը` հավելելով, թե չի առաջարկում ընկնել հակառուսական հիստերիայի մեջ, սակայն, հակաիմպերիալիստական Ռուսաստանի դեմ հիստերիան նույնիսկ քիչ է:
Ըստ Պարույր Հայրիկյանի՝ նման իրավիճակում, երբ իշխանությունները համարժեք չեն արձագանքում, պետք է ահազանգ բարձրացնեն ընդդիմադիրները:
«Մեր պետական այրերն այս ամենն անտեսում են, որովհետև չեն ունեցել պատմական փորձառություն: Ես համոզված եմ, որ Հայաստանն այնպես չի անում, որ իրեն վերաբերող հարցերում Ռուսաստանը հարգալից վարվի: Մեզ լուրջ վտանգ է սպառնում»:
Իսկ ահա ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը համոզված է, որ մեր երկիրն ունի բոլոր հնարավորությունները` ապահովելու մեր անկախությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը եւ այստեղ որեւէ խնդիր չկա:
Մեկնաբանելով Պարույր Հայրիկյանի հայտարարությունները` Հայկ Բաբուխանյանը կարծիք հայտնեց, որ դրանք հուզական են եւ կարելի է հասկանալ, քանի որ Հայրիկյանը խորհրդային բանտերում է նստել, որոնք գտնվել են Ռուսաստանի տարածքում:
Բաբուխանյանի խոսքով` Հայրիկյանի հայտարարությունները չեն կարող փոխել քաղաքական ընթացքը։
Ինչ վերաբերում է Հայաստանի քայլերին։ Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ պետք է ընդամենը երեք կարեւորագույն սյուներ ամուր պահել` բանակը, Հայ առաքելական եկեղեցին որպես ազգային ինստիտուտ եւ պետականությունը, որն ազգային արժեք է: